You are here

«Շառլ Ազնավուրը՝ մշակութային կապող օղակ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններում»

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը և «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնը համատեղ կազմակերպեցին «Շառլ Ազնավուրը՝ մշակութային կապող օղակ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններում» խորագիրը կրող ֆրանկոֆոնիայի եզրափակիչ միջոցառումը։

Միջոցառման նպատակն էր պատանիներին և երիտասարդներին առավել ճանաչելի դարձնել մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը և ֆրանկոֆոն հասարակությանը համախբել մի հարկի տակ։

Միջոցառմանը ներկա էին L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Մոնակոյից, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի անդամներ, ֆրանսիացի կամավորներ, դասախոսներ, մանկավարժներ և այլոք։

Կենտրոնի սաների համերգա-պարային գեղեցիկ կատարումները, օտարալեզու թևավոր խոսքերը, ֆրանսահայ երգիչ-երգահան Շառլ Ազնավուրի ընտանիքի հիշողությունների պատմությունը և թողած գրական ժառանգությունը փաստող երկլեզու բեմականացումը տպավորեցին հանդիսատեսին։

Ի նշան մեծ հարգանքի կազմակերպված միջոցառման ավարտին իրենց գնահատանքի խոսքով հանդես եկան L’Œuvre d’Orient կազմակերպության Եվրոպայի ցանցի տնօրեն Դիդիե դա Սիլվան և «ԿԱԶԱ» շվեյցարական հիմնադրամի ֆրանկաֆոնիայի պատասխանատու Աննա Ունուպօղլյանը՝ ընդգծելով, որ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը խթան է հանդիսանում ֆրանսերեն լեզվի տարածման և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման համար։

25/04/2024