Տարվա ընթացքում վարպետաց դասերի, անհատական պարապմունքների, մարզադպրոցների պրոֆեսիոնալ մարզիչների հետ միացյալ պարապմունքներին ձեռք բերած գիտելիքները սաները ցուցադրեցին մարտական ելույթների միջոցով: Ցուցադրական ելույթը նպաստեց մարզիկների ֆիզիկական կոփվածության ամրապնդմանը, մտավոր զարգացմանը, առողջ կենսակերպին: Արդյունքում սաները ինքնադրսևորվեցին և գերազանց կատարեցին մարտական առաջադրանքները: Ցուցադրական ելույթին սաները կատարեցին ձեռքի և ոտքի հարվածներ, կատաներ, ինքնապաշտպանական գործողություններ, ինչպես նաև կյոկուշինկայ կարատեին բնորոշ մի քանի մենամարտեր, որը վարեց խմբակի ավագ մարզիկ, կյոկուշինկայ կարատեի աշխարհի առաջնության երրորդ պատվավոր հորիզոնականի չեմպիոն՝ Վիգեն Ղալաչյանը:
Ցուցադրական ելույթների մասին իրենց կարծիքներն հայտնեցին նաև ծնողները, կարևորելով խմբակում սաների ձեռք բերած ոչ միայն մարտական հմտությունները, այլև դաստիարակության փոխանցումը, հարգանքի դրսևորումը միմյանց նկատմամբ: Ցուցադրական ելույթները նաև առիթն են լավագույն սաներից ձևավորել հավաքական թիմը, որը կներկայանա թե հանրապետական, թե միջազգային առաջնություններում։ Իսկ այդ նախադրյալներով «Ընտանիք» կենտրոնի մարտարվեստի խմաբկի սաներից գրեթե բոլորն են օժտված։
Հերթական մրցաշարը՝ Կյոկուշինկայ կարատեի 9-րդ միջազգային առաջնությունը՝ Օյամայի գավաթը կայացավ հունիսի 2-ին Գյումրու համալիր մարզադպրոցում: Միջազգային առաջնությանը մասնակցում էին 100 մարզիկներ՝ Ռուսաստանի Դաշնությունից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից: «Ընտանիք» կենտրոնի մարտական արվեստի խմբակի 7 սաներ՝ մարզիչ Սարգիս Վարդանյանի գլխավորությամբ մասնակցեցին առաջնությանը, տարբեր տարիքային և քաշային կարգերում: Համառ պայքարում կենտրոնի մարզիկները գրավեցին հետևյալ՝ պատվավոր հորիզոնականները.
Մանուկյան Սարգիս 1-ին տեղ
Մանուկյան Սանասար 1-ին տեղ
Կրոմով Յուրի 1-ին տեղ
Խաչատրյան Գոռ 1-ին տեղ
Խաչատրյան Արտուշ 2-րդ տեղ
Ղալաչյան Վիգեն 2-րդ տեղ
Արզումանյան Գոռ 2-րդ տեղ