You are here

Սուրբ Հարության տոնը Գյումրու Վարդանանց հրապարակում և ‹‹Ընտանիք›› կենտրոնում

Մարտի 27-ին Գյումրու Վարդանանց հրապարակում տոնական մթնոլորտ և առանձնակի աշխուժություն էր տիրում: Գյումրու քաղաքապետարանի կողմից կազմակերպված ցուցահանդես-միջոցառումը՝ նվիրված Սուրբ Ջատկին, իր շուրջ էր միավորել բարձրաստիճան պաշտոնյաների, կրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, պարային և թատերական խմբերի: 
Քաղաքային տոնակատարությանն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը՝ սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսով: Ցուցահանդեսին ներկայացված էին կենտրոնի փայտարվեստի, գորգագործության, կարպետագործության և զարդակիրառական խմբակների սաների աշխատանքները: Փայտի և մետաղի համադրությամբ սաների հեղինակած յուրօրինակ և պատկերազարդ ձվերը մեծ հետաքրքրաշարժություն և հիացմունք առաջացեց հասարակության շրջանում՝ հատկապես դպրոցականների:
Ցուցահանդեսի մասնակիցները հաղորդակից դարձան օրվա հոգևոր խորհուրդին, որն ամբողջականացավ ժողովրդական գեղեցիկ ավանդույթով՝ զատկական ձվախաղով: 
Հայ Առաքելական եկեղեցում տրված Քրիստոսի հարության ավետիսը մարտի 29-ին շարունակվեց ‹‹Ընտանիք›› կենտրոնում: Ասեղնագործության խմբակի սաները ներկայացրին քրիստոնյաների ամենասիրված և ամենասպասված տոնի՝ Սուրբ Զատիկի խորհուրդը և նշանակությունը: Գունագեղ, պատկերազարդ զատկական ձվերի ‹‹կռիվը›› ուրախություն և բարձր տրամադրություն հաղորդեց ներկաներին:
Պարարվեստի խմբակի սաներն իրենց ելույթով շնորհավորեցին ներկաներին մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության և նոր կյանքի սկզբնավորումն ավետելու առիթով:
Քրիստոս հարյա՛վ  ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի…
 
Հ. Սարգսյան