You are here

«Ընտանիք» կենտրոնում բացվեց ինժեներական լաբորատորիա

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության /ԻՏՁՄ/ նախաձեռնությամբ և ՅՈՒՔՈՄ ընկերության աջակցությամբ հունիսի 22-ին ԿԳՆ Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում բացվեց ինժեներական լաբորատորիա։ Կենտրոնում գործող ռոբոտաշինության և ռադիոէլեկտրոնիկայի խմբասենյակը, որը  համալրվեց նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով /բարձրակարգ եռաչափ տպիչ,  թվածրագրային կառավարմամբ շաղափային հաստոց, համակարգիչներ/, այսուհետ կկոչվի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:
Կենտրոնն հյուրընկալել էր ԻՏՁՄ ինժեներական լաբորատորիայի ներդրման ծրագրի համակարգող Ս. Վարդանյանին, ծրագրի ղեկավար Ա. Օրդյանին և ՅՈՒՔՈՄ ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Ա. Բարսեղյանին։ 
Հյուրերին բակում աղ ու հացով դիմավորեցին կենտրոնի սաները, աշխատակիցներն ու ծնողները։ Հյուրերը  ծանոթացան կենտրոնի գործունեությանը, մասնավորապես ռոբոտաշինության, ռադիոէլեկտրոնիկայի և ռադիոկապի բնագավառում։ Ռոբոտաշինության խմբակի խմբավար Ս. Երեմյանը ներկայացրեց նաև խմբակի շրջանավարտ սաների գրանցած հաջողությունները ռազմական ոլորտում:
Ծրագրի համակարգող Ս. Վարդանյանը կարևորեց հանրապետության տարբեր կրթական հաստատություններում նմանօրինակ լաբորատորաների բացումը, որը նպատակ ունի երեխաների մոտ զարգացնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրություն և խթանել դրանց զարգացմանը: 
«Միայն տեխնոլագիական երկիրն  ունի ապագա և մրցունակ է ամբողջ աշխարհում: Այսօր մենք ստեղծում ենք դրա հիմքերը կրթական հաստատություններում և հնարավորություն տալիս երեխաներին օգտագործել իրենց երևակայությունը և մտքի թռիչքը ռազմաարդյունաբերական ոլորտը զարգացնելու համար: Սա այն ոլորտ է, որը չի պահանջում հումքային ռեսուրսներ, այլ պահանջում է մտածողություն և տրամաբանություն»,- իր խոսքում ընդգծեց պարոն Վարդանյանը:
«Լաբորատորիաների ստեղծմամբ մենք կունենանք հզոր ինժեներներ, եռաչափ մոդելավորողներ, դիզայներներ, որոնք պատրաստի կադրեր կլինեն աշխատաշուկայում աշխատելու համար, մեզ հնարավորություն կտան հետ չմնալ աշխարհի զարգացած երկրների տեխնիկական նվաճումներից և քայլել նորարարական պայմաններին համընթաց: Համոզված ենք, որ այս լաբորատորիաները շուտով կդառնան մեր այցեքարտն ամբողջ աշխարհում»,-հավելեց ՅՈՒՔՈՄ ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Ա. Բարսեղյանը:
Կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներին՝ տեխնիկական վերազինման գործում լուրջ ներդրումներ իրականացնելու համար, իսկ  սաներին հորդորեց լավագույնս օգտվել ընձեռնված հնարավորությունից, ծանոթանալ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների նորարարությանը,  զարգացնել իրենց ծրագրային հմտություները և դրանք օգտագործել  ի նպաստ պետության և ժողովրդի բարօրության։ Կենտրոնի սաներն էլ՝ որպես ամուր և հզոր հայրենիք կերտող նոր սերունդ, խոստացան ընդլայնել ու խորացնել իրենց գիտելիքները, Հայաստանը դարձնել այս բնագավառում աշխարհի առաջատար երկրներից մեկը։
 
Հ. Սարգսյան