You are here

«Հայրենասիրությունը` հզոր հայրենիքի երաշխիք» ամառային դպրոց ծրագիր

Բավական չէ ազգի զավակը լինել,

պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել:
Գ. Նժդեհ
ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հուլիսի 18-ից 26-ը Վանաձորի «Արբանյակ» ճամբարում իրականացրեց «Հայրենասիրությունը` հզոր հայրենիքի երաշխիք» ամառային դպրոց ծրագիրը:
Ծրագրի  նպատակն էր. 
- համախմբել Շիրակի մարզի և Արցախի դպրոցականներին, աջակցել բարեկամական կապերի ամրապնդմանը, նպաստել ազգային և համամարդկային արժեքներով հարուստ և ռազմահայրենասիրական  ոգով դաստիարակված անձի ձևավորման գործընթացին,
 - կազմակերպվող միջոցառումների և սեմինարների ընթացքում ներկայացնել մերօրյա հերոսների  սխրանքները, դրանք ծառայեցնել դեռահասների բարոյական և մարտական ոգու ամրապնդմանը,  
- բարձրացնել նախազորակոչային տարիքի դեռահասների իրազեկությունն ազգային բանակում ծառայելու վերաբերյալ, ամրապնդել  ռազմագիտության  վերաբերյալ գիտելիքները, 
- ձևավորել հետաքրքրություն ռոբոտաշինության նկատմամբ, 
-  կազմակերպել սաների ամառային հանգիստը:
Ամառային դպրոցում ձևավորված խմբերն առանձնանում էին իրենց ընտրած պատմական անուններով, դրանցից բխող գեղարվեստական միջոցառումներով և միմյանց ուղղված հայրենսիրական կոչերով: Յուրաքանչյուր անվանում պատահական չէր ընտրված. ‹‹Վարդանանքը››՝ որպես հայրենիքի անձնազոհության և գիտակցված մահի գաղափարական խորհրդանիշ, ‹‹Արցախը››՝ որպես հայ ժողովրդի հերոսական ոգու խորհրդանիշ և ‹‹Կիլիկիան››՝ որպես հզորության և ամրության խորհրդանիշ:
Ծրագրի կազմակերպիչները, առաջնորդվելով ռազմահայրենասիրական և ամուր պետություն կերտելու գաղափարներով, դպրոցականների համար կազմակերպեցին և իրականացրին մի շարք միջոցառումներ. սպորտային, ռազմական և ինտելեկտուալ խաղ-մրցույթներ, քաղպաշտպանության վարժանքներ, առաջին բուժօգնության, տարհանման կազմակերպման գործնական դասընթացներ, հետախուզական արշավներ, ազգային ավանդական պարերի ուսուցման դասընթացներ, ինչպես նաև թեմատիկ սեմինարներ, փաստավավերագրական և գեղարվեստական ֆիլմերի դիտումներ և քննարկումներ: Ծավալված քննարկումների արդյունքում ևս մեկ անգամ արժևորվեց հայ մարտիկի դերը  մեր պետության կայացման և պահպանման գործում: 
Ֆրանսիային ժամանած սկաուտների կողմից կազմակերպվեցին ռազմական ուսուցողական խաղեր, որոնց հետ դպրոցականները նաև ունեցան միջմշակութային թեմաներով զրույցներ:
ՀՀ անկախության  25-ամյակին և Գ. Նժդեհի 130-ամյակին նվիրված միջոցառումներում մասնակիցների ակտիվությունն ու ոգևորությունն ակնհայտ էր. հայրենասիրությունը հորդում էր յուրաքանչյուրի խոսքից ու կեցվածքից, ռազմահայրենասիրական երգերի ու պարերի կատարումից: Նրանք երդվեցին չլքել հայրենիքը, լինել հայրենի սահմանների պաշտպան ու անվտանգության երաշխավոր, քանզի իրենք են իրենց տարածքների հավերժական տերերը:
Ամառային դպրոցի մասնակիցները  հանդիպումներ ունեցան նաև Երկրապահ կամավորական միության /ԵԿՄ/ Գյումրու տարածքային բաժանմունքի նախագահ Վարդան Սարգսյանի, ԵԿՄ խորհրդի անդամ, Արցախի նախագահի ‹‹Մարտական ծառայություն›› մեդալի ասպետ Սամվել Աբաջյանի, ԵԿՄ խորհրդի անդամ, ‹‹Շուշիի ազատագրման համար››,  ‹‹Մխիթար Հերացի›› մեդալակիր Հարություն Կիրակոսյանի, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի զինղեկ, ‹‹Դրաստամատ Կանայան›› մեդալակիր Մնացական Գևորգյանի և մերօրյա հերոս, «Ընտանիք» կենտրոնի նախկին սան, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի շրջանավարտ, Արցախյան քառօրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Ռաֆայել Հովհաննիսյանի հետ: Դեռահասները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու և իրենց հուզող հարցերն ուղղելու, մտորումները կիսելու հայրենիքի պաշտպանության գործում իրենց ավանդը թողած ռազմիկների հետ: Վերջիններս կիսվեցին նաև մարտում ունեցած իրենց ապրումներով, խորհուրդներ տվեցին և ներկայացրին հայ զինվորի հերոսական կերպարը: 
Ծրագրի շրջանակում դեռահասներն անմոռանալի օր անցկացրեցին նաև բազմադարյա պատմություն ունեցող Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցում և Հաղպատի վանքում՝ հաղորդակից դառնալով մեր մշակութային ժառանգության անգնահատելի արժեքներին:
Ամառային դպրոցի ավարտն ազդարարեց հրաժեշտի խարույկը: Ուրախության և տխրության պահեր, երախտիքի և հրաժեշտի խոսքեր, պարգևատրումներ: «Ընտանիք» կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանը պատվոգրեր և մրցանակներ հանձնեց ծրագրի ընթացքում լավագույնս դրսևորած մասնակիցներին:
Արցախի ազատամարտիկների միության կողմից «Ընտանիք» կենտրոնը ևս` ի դեմս տնօրեն Ա. Մինասյանի,  պարգևատրվեց պատվոգրով՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիության գործում ցուցաբերած ակտիվության համար:
 
Հ. Սարգսյան