ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հայ մեծ ծովանկարիչ Այվազովսկու 200 ամյակի կապակցությամբ իրականացնում է միջոցառումների շարք, որը մեկնարկվել է «Այվազովասկի-200» ստեղծագործական մրցույթի հայտարարմամբ: Կենտրոնը համագործակցելով Գյումրու քաղաքապետարանի հետ, հունիսի 6-ին ծրագրի շրջանակում Գյումրու Վարդանանց հրապարակում կազմակերպեց «Ներկիր ինքդ» խորագրով պլանավորված զանգվածային գործողություն /ֆլեշմոբ/, կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես և գեղարվեստական ելույթներ:
Նպատակն էր միջոցառմանը մասնակից դարձնել քաղաքի բնակչությանը, արժևորել և գնահատել Այվազովսկու արվեստը, պատանի ստեղծագործողներին հնարավորություն ընձեռնել յուրովի վերարտադրել աշխարհահռչակ ծովանկարչի աշխատանքները, զարգացնել դեռահասների գեղագիտական ճաշակը և ստեղծագործական միտքը:
Միջոցառմանը մասնակցում էին «Թռչունյան տուն» խնամքի հաստատությունը, Մայիսյան համայնքի պարային խումբը, Շիրակի մարզի Գոգհովիտ, Թորոսգյուղ, Ցողամարգ համայնքների դեռահասներ, «Ընտանիք» կենտրոնի սաներ, արվեստագետներ և արվեստասեր երիտասարդություն:
«Հանճարեղ են Գյումրու երեխաները: Այն, ինչ որ այսօր ես տեսա՝ ձեռքի աշխատանքների ցուցահանդես, ռոբոտներ, իսկական հրաշք է: Երբ, որ տեսնում ենք նման միջոցառումներ, հասկանում ենք, որ սա արհեստների ու արվեստի քաղաք է, որը հանճարներ է ծնում: Այվազովսկու տարեդարձը նշել և նման ակցիայով փառաբանել նկարչին, դա մեծ բան է: Ողջունում եմ «Ընտանիք» կենտրոնի ողջ անձնակազմին»,- իր ելույթում նշեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Ա. Մկրտչյանը:
Տպավորիչ էր «Փոքրիկ Այվազովսկու» և ռուս զինվորականի կերպարների բեմականացված ներկայացումը:
Երաժշտական կատարումներով և պարային բեմադրություններով կենտրոնի սաները և «Մայիսյան» համույթը ողջունեցին ներկաներին` նրանց հաղորդելով բարձր տրամադրություն: Գեղարվեստական ելույթներին զուգահեռ ներկաները դիտեցին Այվազովսկու արվեստի մոտիվներով ստեղծված աշխատանքները, դեկորատիվ-կիրառական արվեստի բազմաոճ նմուշների ցուցադրություն և մասնակից դարձան «Ներկիր ինքդ» խորագրով պլանավորված զանգվածային գործողությանը: Դեռահասներին հնարավորություն տրվեց Այվազովսկու ստեղծագործությունների վերաբերյալ իրենց ընկալումներն ու զգացողությունները հաղորդել թղթին:
Մասնակիցներն իրենց գոհունակությունն ուղղեցին միջոցառման կազմակերպիչներին՝ քաղաքի մշակութային կյանքի աշխուժացման գործում նախաձեռնություն ցուցաբերելու, դեռահասներին ինքնաարտահայտման առիթ ընձեռնելու համար:
Միջոցառման ավարտին «Ընտանիք» կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը շնորհակալագրեր հանձնեց դեռահասներին և համագործակցող կազմակերպություններին՝ «Ներկիր ինքդ» խորագրով գործողությանն ակտիվ մասնակցության համար:
Հ. Սարգսյան
09/06/2017