Սերունդնե՛ր, դուք Ձեզ ճանաչեք Սարդարապատից:
Պ. Սևակ
ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեական ստեղծագործական կենտրոնը հունիսի 8-ին «Ավարայրից մինչև Սարդարապատ» խորագրով ծրագրի շրջանակում գիտաճանաչողական այց կատարեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Ծրագրի նպատակն էր բարձրացնել սաների ռազմահայրենասիրական ոգին, նրանց մոտ ձևավորել մայր հողը պաշտպանելու պատրաստակամություն, հաղորդակից դարձնել հայ ժողովրդի պատմության հերոսական էջերին, նպաստել ազգային արհեստի ու արվեստի պահպանմանը, մշակութային արժեքների գնահատմանը:
«Ընտանիք» կենտրոնը նախ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի միջնակարգ դպրոցում կազմակերպեց կենտրոնի սաների ստեղծագործական աշխատանքների ցուցադրություն, որի միջոցով համայնքի դեռահասները ծանոթացան կենտրոնի գործունեությանը, և մեծ հետաքրքրություն առաջացավ ազգային արհեստի և արվեստի ճյուղերերի նկատմամբ:
Այցի շրջանակում կենտրոնի սաները և մանկավաժները ծանոթացան նաև Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի նմուշներին, հայ ժողովրդի դարավոր պատմությանը, կենցաղին, տարած հաղթանակներին, փաստերին և վկայություններին: Կենտրոնի սաները ստացած մասնագիտական գիտելիքները փորձում էին համադրել թանգարանում առկա աշխատանքներին, իսկ գորգագործության խմբակի սան Հռիփսիմե Հովհաննիսյանը գորգի դազգահի մոտ զարմացրեց ներկաներին իր հմտությամբ:
Հուզիչ էր հատկապես երգի խմբակի սան Տարոն Ղազարյանի ելույթը, որը հաղթանակի զորակոչ էր՝ ի փառավորումն Սարդարապատում և հայրենի հողի համար պայքարում մարտիրոսված անմահ հերոսներին:
Սաները եղան նաև Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում և իրենց խոնարհումն արտահայտեցին Մեծ Ուսուցչի հայապահպան գործունեության առջև:
Կենտրոնի սաների համար այս այցը ևս մեկ դաս էր. որը ամրապնդեց պատմության ամենափառահեղ դրվագներից մեկի՝ Սարդարապատի հերոսամարտի վերաբերյալ ունեցած գիտելիքները:
Ս. Պետրոսյան
12/06/2017