You are here

«Ցավի գույնը» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին

 
ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում շարունակվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը:
 Նոյեմբերի 2-ից 5-ը կենտրոնում անցկացվեց «Ցավի գույնը» խորագրով ստեղծագործական մրցույթին ներկայացված լավագույն աշխատանքների ցուցահանդես:
Ցուցահանդեսին ներկայացված էին դեկորատիվ-կիրառական արվեստի տարբեր ոճերի 20-ից ավելի աշխատանքներ, որոնց հեղինակներն էին ‹‹Ընտանիք›› կենտրոնի  և այլ կրթական հաստատությունների  դեռահասները: Ինքնատիպ աշխատանքներ էին ներկայացրել  Շիրակի մարզի Ցողամարգ, Մայիսյան և Առափի համայնքների պատանիները:
Մրցույթի նպատակն էր ստեղծագործական աշխատանքների միջոցով հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, խթանել դեռահասների ստեղծագործական  մտածողությունը, արթուն պահել ազգային հիշողությունը,  զարգացնել համագործակցելու կարողություն և բացահայտել տաղանդավոր երեխաների:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին արվեստագետներ, մանկավարժներ, ծնողներ, սաներ, որոնց կողմից բարձր գնահատվեցին ցուցադրված բազմաժանր աշխատանքները: Դեռահասները ստեղծագործել էին «Անցյալի ողբերգական էջեր», «Ցեղասպանության ճանաչում», «Արդար պայքար» «Պահանջս մեկն է», «Շարունակելու ենք մեր պայքարը», «Լուսավոր ապագա», «Վերածնունդ» խորագրերով թեմաների շուրջ: Նրանց ներկայացրած աշխատանքները հայ ժողովրդի պատմության, նախնիների ապրած ցավալի ու ողբերգական դրվագների վերհանումն ու սեփական զգացողությունների, ներքին բողոքի, պահանջատիրական գաղափարի, անզիջում պայքարի արտահայտումն էր:
Կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը պատվոգրերով և մրցանակներով պարգևատրեց    10-14 և 15-18  տարիքային խմբերում առաջին երեք տեղերը գրաված աշխատանքների հեղինակներին: Մրցանակ շնորհվեց նաև լավագույն ստեղծագործական միտքի համար:
Միջոցառումը մեկ անգամ ևս փաստեց, որ չնայած տառապանքի և կորստի ցավին հայորդիները երբեք  չեն դադարի արարել և ստեղծել արվեստի հիասքանչ գործեր:  
 
Հերմինե Սարգսյան