You are here

Տեառնընդառաջն ‹‹Ընտանիքում››

Հայ Առաքելական Եկեղեցին փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։
‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը՝ հավատարիմ եկեղեցական ծիսակարգին և ժողովրդական ավանդությանը, մեծ հանդիսավորությամբ տոնեց Տերընդեզը:
Կենտրոնի բակում իշխող տոնական բարձր տրամադրությունը, գարնանային կենսուրախ մթնոլորտը և տոնի խորհրդին հաղորդակից դառնալու ցանկությունը միավորել էր հավատավոր ժողովրդին՝ սաներին, ծնողներին, մանկավարժներին և թաղամասի բնակիչներին:
Եկեղեցական ու ժողովրդական այս տոնն անցկացվեց մի շարք տոնածիսական խորհրդանշական գործողություններով: Միջոցառման մասնակիցները նախ ներկայացրեցին տոնի խորհուրդը, պահպանված ժողովրդական ավանդույթներն ու սովորույթները, որից հետո իրենց գեղեցիկ պարային համարներով, ազգային և ժողովրդական երգերով հանդիսատեսին ևս մասնակից դարձրեցին տոնակատարությանը:
Տիրող տոնական մթնոլորտն ամբողջական դարձրեց <հարսանեկան> բեմադրությունը, աղանձների բաժանումը և ավանական խարույկի վառման արարողությունը՝ որպես Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշ: Ներկաները շարականներ երգելով, վառվող մոմերով միասնական շուրջպար բռնեցին կրակի շուրջ՝ որպես բնության վերազարթոնքն և գարունն ավետող  խորհրդանիշ:
Միջոցառումը եզրափակվեց սբ. Հակոբ Մծբնեցի եկեղեցում, որտեղ սաները հանդիպում ունեցան Տեր Փավստոս քահանա Սարգսյանի հետ: Հոգևորականը տոնի հոգևոր խորհուրդի և ծիսակարգի վերաբերյալ նոր մանրամասնություններ հաղորդեց ներկաներին, տվեց իր օրհնությունը և մաղթեց յուրաքանչյուրին Հիսուս Քրիստոսի ճշմարիտ լույսով լուսավորեն  իրենց միտքը և ջերմացնեն հոգիները:
 
Հ. Սարգսյան