You are here

«Վարդատոն» Հաղպատավանքում

                                                                                                        Հաղպատի լուսարար Սայաթ-Նովեն իմ,

                                                        Մե կանթիղս վառելու ձեթ չունիմ

Հայ ժողովրդի պարծանքն ու հպարտությունը հանդիսացող անբարբառ, բայց խոսուն Հաղպատավանքում հուլիսի 26-ին հոգևոր միասնության տոն էր, որը կազմակերպել Գյումրու <Ընտանիք> մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը՝ «Միասին կառուցենք մեր ապագան» ամառային դպրոց ծրագրի շրջանակներում: Վանական համալիրում անցկացվեց աշուղական երգի ռահվիրա Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված «Վարդատոն», որին մասնակցում էին Արցախի, Ջավախքի, Հայաստանի տարբեր շրջանների պատանիներ և Ֆրանսիայից ժամանած մի խումբ երիտասարդներ: Ակամայից միջոցառման մասնակից դարձան նաև մեծ թվով զբոսաշրջիկներ և տարածաշրջանի բնակիչներ: Հոբելյանական հանդիսության նպատակն էր դեռահասներին ծանոթացնել միջնադարյան գրականությանն ու աշուղական արվեստին, ճանաչել և արժևորել հայ ժողովրդական երգի արմատները, մատաղ սերնդին հաղորդակից դարձնել Սայաթ-Նովայի անզուգական արվեստին, ապահովել նրանց փոխադարձ շփումն ու համախմբումը: Ինչպես դարեր առաջ <վրացական արքունիքի> շքեղ կամարների տակ դայլայլեց Սայաթի-Նովայի սիրո լարը, այնպես էլ այսօր հոգևոր օրրանում ելևէջեց նրա քնարի լարը, ճախրեց յար-սոխակի երգն ու տաղը՝ հիացմունք պարգևելով հանդիսականին: Ֆրանսիայից ժամանած երիտասարդների «Քանի վուր ջանիմ» երգի հուզառատ կատարումը, ծաղկաբույլ պարային ելույթները մեկ անգամ ևս հավաստեցին, որ ժամանակն անզոր է նման հանճարների առաջ. նրանց լուսառատ կանթեղն անմար է: Եղբայրության և վարդի անուշաբույր տոնը շարունակվեց Հաղպատավանքի բակում, ու Վարդատոնը դարձավ մեծն Սայաթ-Նովայի և նրա ստեղծած երգ-երաժշտության մեծարման արտահայտություն, խորին ակնածանք նրա թողած հարուստ ժառանգության հանդեպ, խոնարհում նրա տաղանդին: Միջոցառումը լուսաբանվեց նաև Ալավերդի քաղաքում հեռարձակվող <Անկյուն գումարած 3> հեռուստաընկերության միջոցով։

Մուրադ Թորոսյան