Մայիսի 27-ին «Ընտանիք» կենտրոնում անցկացվեց «Հավերժական փառք» խորագրով միջոցառում` նվիրված մայիսյան փառահեղ հաղթանակներին: Միջոցառման նպատակն էր արժևորել Մայիսյան հերոսամարտերը` որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջ, բարձրացնել սաների հայրենասիրական ոգին, հերոսների օրինակով ձևավորել հայրենիքը պաշտպանելու պատրաստակամություն, դժվարություններին դիմակայելու և հաղթահարելու կամք:
Միջոցառումն ազդարարվեց Սարդարապատի, Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան և Ապրիլյան քառօրյա պատերազմների հաղթանակների առիթով շնորհավորական և շնորհակալական խոսքերով:
Միջոցառման մասնակիցները ներկայացրին պատմական փաստեր, հաղթական դրվագներ մայիսյան հաղթանակների բովից: Կենտրոնի դուդուկի, ազգագրական երգ ու պարի խմբակների սաները հանդիսատեսին ներկայացան հայ ժողովրդի հերոսների նկատմամբ երախտագիտության և խոնարհման արտահայտմամբ. հնչեցին մայիսյան հերոսամարտերից ծնունդ առած երգերը, որոնք ավելի ոգևորիչ ու ամբողջական դարձրին միջոցառման ընթացքը:
Տպավորիչ ու հուզիչ էին ազատագրական պայքարի հերոսների օրինակով դաստիարակված դեռահասների խոնարհումի և ոգեկոչման խոսքերը.
«Գնացին նրանք գարուն բերելու, այսօր և ընդմիշտ մեր սերունդները խոնարհվում են քաջերի շիրիմների առաջ, ոգեկոչվում հերոսների անմահ սխրանքներով, ովքեր ոչ միայն կռվել են, այլև հաղթել են թշնամուն, հաղթական պարերի բոցաշունչ երգով ու կանչով... Հիշենք մեր բոլոր զինվորներին, ովքեր թիկունքում ունենալով հայրենի հողը, մինչև վերջ պայքարեցին և արյամբ ձեռք բերեցին այս անգնահատելի հաղթանակը՝ անկախությունը»:
Հավերժական փառք մայիսյան փառահեղ հաղթանակները կերտած հերոսներին...
Ս. Էլբակյան
05/06/2019