Ամեն տարի մարտի 15-ից ապրիլի 15-ը Ֆրանկոֆոնիայի /ֆրանսախոսություն/ տոնը մեծ շուքով և ոգևորությամբ նշվում է Հայաստանում: «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը և Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը ևս իրնց մասնակցությունն ունեցան Գյումրիում Ֆրանկոֆոնիայի շրջանակներում իրականացվող միջոցառումներին:
Մարտի 20-ին ֆրանկոֆոնիային նվիրված հերթական միջոցառումն անցկացվեց «Ընտանիք» կենտրոնում՝ խմբավարներ Վ. Նահապետյանի և Մ. Թորոսյանի նախաձեռնությամբ: «Գույների բանավեճը» խորագրով բեմականացումը շնորհալի սաները մատուցեցին թովիչ ֆրանսերենով՝ արտիստիկ կեցվածք, ճկուն խոսք, ճիշտ շեշտադրում, երաժշտական հնչերանգներ:
Միջոցառման նպատակն էր համախմբել բոլոր ֆրանկոֆոն հաստատություններին և ամրապնդել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները: Ֆրանսիական երաժշտությամբ համեմված պար-բեմադրությունները նոր շունչ և ոգևորություն պարգևեցին ֆրանսիացի և հայ հանդիսատեսին, նրանց առջև բացելով անակնկալներով լի մանկական պարզ ու անմեղ մի աշխարհ՝ որտեղ «շուրջպար» էին բռնել միասնությունը, համերաշխությունը, ներդաշնակությունն ու բարեկամությունը: Յուրաքանչյուր ելույթ ստեղծագործական մի ուրույն հանելուկ էր գեղեցիկի մարմնավորմամբ:
Իսկ մարտի 24-ին Գյումրու կենտրոնական զբոսայգում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացվեց ֆրանկոֆոն երկրների մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները: Միջոցառմանը ներկա էին նաև դեսպաններ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
«Ընտանիք» կենտրոնը ներկայացրեց հայկական մշակույթը ձեռագործ աշխատանքներով, նկարներով և քանդակներով, իսկ պարի խմբակի սաները զուգահեռ պարային գեղեցիկ համարներով հիացմունք պարգևեցին ներկաներին:
ORGANISATION
NON-GOUVERNEMENTALE
DE BIENFAISANCE