2013թ-ի հոկտեմբերի 27-ից 30-ը, Գյումրու <Ընտանիք> մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի կողմից կազմակերպված «Արցախյան ազատամարտ-25» ծրագրի շրջանակներում, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի, Աշոցքի միջնակարգ դպրոցի և կենտրոնի սաները՝ տնօրեն Արթուր Մինասյանի ղեկավարությամբ, ճանաչողական այց կատարեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի նպատակն էր երկու հանրապետությունների դեռահասների մեջ սերմանել միասնականության և համագործակցության գաղափար, ամրապնդել սաների ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ծանոթանալ Արցախի մշակութային և պատմական արժեքներին, կենցաղին, ավանդույթներին ու սովորույթներին: Արցախցի հասակակիցները Շիրակի մարզի սաներին աղ ու հացով դիմավորեցին Գանձասարի համալիրում, որտեղ միասին անցկացրեցին չորս անմոռանալի օրեր: Գանձասարի քահանա Տեր Գրիգորը սաներին պատմեց Գանձասար վանքի մասին, ցույց տվեց Արցախյան պատերազմից վանքի կրած վնասները: Հաջորդ օրը Վանք գյուղի միջնակարգ դպրոցում կենտրոնի սաները հանդես եկան համերգային ծրագրով: Գյուղի բնակիչների համար կազմակերպեցին նաև ձեռքի աշխատանքների ցուցահանդես: Տպավորիչ էր արցախյան պատերազմի մասնակից, առաջին կարգի հաշմանդամ Դավիթ Հակոբյանի հետ հանդիպումը: Դավիթը հուզմունք պատճառելով ներկաներին պատմում էր, թե ինչպես կարողացավ տասնչորս տարեկան հասակում 12 տարեկան ընկերների հետ զենք վերցնել և պայքարել հայրենիքի անկախության համար: Ծրագրի շրջանակներում սաները հանդիպում ունեցան Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ. զրույցն անկաշկանդ էր, ուսանելի և ոգևորող: Քառօրյա այցի ընթացքում կազմակերպվեցին այցելություններ թանգարաններ, Ստեփանակերտի մանկապատանեկան արվեստի դպրոց և այլ պատմական վայրեր: Տիգրանակերտի ամրոցն իր անառիկությամբ, Արցախի խորհրդանիշ՝ <Մենք ենք մեր Լեռները> հուշարձանն իր խրոխտությամբ առաջացնում էին հզորության ու հարատևության զգացում: Տպավորիչ էր այցը զորամաս, որտեղ սաները ծանոթացան ծառայողների առօրյային, զենքի տեսակներին և մարտական տանկերին: Վերջին երեկոն խորհրդանշական էր. խարույկի շուրջ միասնական շուրջպար բռնած երեխաների աչքերում փայլում էր սերը, հպարտությունը, ուժն ու միասնությունը: Այցն ավարտվեց Շուշիի Ս. Ղազանչեցոնց եկեղեցում: Տխուր էր բաժանումը: Յուրաքանչյուրի աչքերում <թաքնված> էին հրաժեշտի արցունքները, որոնք պարտավորեցնող էին և հուսադրող: Յուրաքանչյուր պատանի իր մեջ կրում էր միասնաբար անկախության համար պայքարելու և սեփական երկրին տեր կանգնելու աննկուն կամքը: Ծրագրի իրականացման գործում իրենց ներդրումն ունեցան Արցախի ազգային ժողովի պատգամավոր Արևիկ Պետրոսյանը և Մարգարիտա Տարանյանը, ՀՀԿ Շիրակի մարզի Կանանց Խորհուրդը՝ ի դեմս Lոլյա Խաչատրյանի և Քնարիկ Ահարոնյանի: Մ. Թորոսյան