You are here

2013-12-26 Համախմբում մեկ մշակույթի շուրջ

Մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությունը մշտապես կարևորվել՝ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի գործունեության ընթացքում: Ջավախքում մշակութային կյանքի զարգացմանը նպաստելու, Գյումրի-Ախալքալաք կապերն ու համագործակցությունը ամրապնդելու նպատակով, «Ընտանիք» կենտրոնի և Վիրահայոց Առաջնորդական Փոխանորդության կողմից համատեղ կազմակերպվեց Ամանորյա և Սուրբ Ծննդյան միջոցառումների շարք, որն իրականացվեց Վրաստանի Հանրապետության Ախալքալաք քաղաքում: Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգէն Սալբիյանի նախաձեռնությամբ Սուրբ Խաչ եկեղեցում կատարվեց օրհնության կարգ, հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանն բարեմաղթանքներ հղեց ներկաներին: Տոնական օրը շարունակվեց եկեղեցու բակում: «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի և Ջավախքի պարային և երաժշտական համույթները հանդես եկան գեղեցիկ ելույթներով, որոնց մեջ ամփոփված էր Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների լուսավոր խորհուրդը: <Գյումրեցի> Ձմեռ Պապի և Ձյունանուշի գալուստը մեծ անակնկալ էր Ախալքալաքի երեխաների համար, իսկ նվերներով լի պարկը վերջիններիս հոգիները պարուրեց ցնծության բերկրանքով և իղձերի իրականացման հավատով: <Ընտանիք> կենտրոնի սաները այցի ընթացքում ծանոթացան նաև Ջավախքի մի շարք պատմամշակութային կոթողների: Երկօրյա այցի ընթացքում ստեղծվեց բարեկամության կամուրջ կենտրոնի սաների ու ջավախքահայ դեռահասների միջև: Ծրագիրի նպատակն էր երկու հանրապետությունների դեռահասների մեջ սերմանել միասնականության և համագործակցության գաղափար, ամրապնդել սաների հայրենասիրական դաստիարակությունը, ծանոթանալ Ջավախքի մշակութային և պատմական արժեքներին, կենցաղին, ավանդույթներին ու սովորույթներին:

<Ընտանիք> ՄՊՍ կենտրոն