You are here

«Ընտանիք» կենտրոն. «Հայ ժողովրդի հաղթական էջերը» խորագրով սեմինարների, «Դեպի անկախություն» ֆիլմի դիտումների անցկացում

ԿԳՆ «Ընտանիք» կենտրոնի կողմից Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլ-մայիս ամիսներին անցկացվեցին սեմինարներ և ֆիլմի դիտումներ Շիրակի մարզի գյուղական համայնքներում և «Ընտանիք» կենտրոնում:
Ծրագիրը նպատակ ուներ համախմբել երիտասարդ սերնդին մեկ միասնական գաղափարի շուրջ, իրազեկ դարձնել Մայիսյան հերոսամարտերի պատմական իրադարձություններին, արժևորել Սարդարապատի ճակատամարտը որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջ:
Սեմինարները վարեցին Գյումրու հայագիտական կենտրոնի գիտաշխատողներ, ազգային ակադեմիայի դասախոսներ, պատմաբաններ: 
Սեմինարների ընթացքում ներկայացվեցին 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերը, Հայաստանի Առաջին Հանրապետության, իշխանական մարմինների ստեղծումը, Բաթումի պայմանագիրը և այլ կարևորագույն պատմական իրողություններ:  
Ներկաները բուռն ու ակտիվ մթնոլորտում կարողացան հանգամանորեն քննարկել և վերլուծել հատկապես Ալեքսանդրապոլի և Շիրակի գոյամարտերը, Զորավար Անդրանիկի դիրքորոշումը և Մայիսյան հերոսմարտի հերոսների սխրանքները: 
Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի Հայագիտական կենտրոնի գիտաշխատողներ Կարինե Ալեքսանյանը և Արմեն Հայրապետյանը դեռահասներին ներկայացրին իրենց կողմից ուսումնասիրած արխիվային վերծանումներ, դեռևս անհայտ պատմական կարևորագույն դիպվածներ, որոնք հետաքրքրական էին և արժեքավոր:  
Մասնակիցները պատմական զուգահեռներ անցկացնելով Մայիսյան հերոսամարտերի և Արցախյան պատերազմների միջև, հանգեցին այն եզրակացության, որ համախմբված ժողովրդին երբեք չի կոտրի թեկուզ թվաքանակով մի քանի անգամ գերազանցող, նենգորեն պատրաստված թշնամին: 
Իրենց տպավորությունները կիսեցին նաև համայքների դպրոցների տնօրենները, ովքեր ողջունեցին և կարևորեցին «Ընտանիք» կենտրոնի կողմից իրականացվող նմանատիպ ծրագրերը, որոնք էլ ավելի են խորացնում և ամրապնդում համայնքների դեռահասների ունեցած գիտելիքները պատմական իրողությունների վերաբերյալ: 
Սեմինարավարները, առաջնորդվելով Մայիսյան հերոսմարտերի ընթացքում հնչած խոսքերով, երիտասարդ սերնդին կոչ արեց չընկերկել երբեք, հույսը չդնել օտարների վրա, ապավինել միայն սեփական ուժերին:  
Ս. Էլբակյան 
 
                
31/05/2018