Տոնական տրամադրությունն էր թևածում Գյումրու 55035 զորամասի հյուրընկալ դահլիճում: Զորամաս իրենց տոնական ողջյուններն էին բերել Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողներն ու ‹Ընտանիք› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները… Հայոց ազգային բանակը 22 տարեկան է… Հնչում է Հայաստանի հիմնը, ծածանվում է հայկական ‹եռագույնը›: Բեմահարթակ են մտնում ուսումնարանի և կենտրոնի սաները, որոնք իրենց ոգեշունչ խոսքերով, որոտընդոստ պարերով ու ռազմահայրենասիրական երգերով դյութեցին ներկա գտնվողներին… Հաղթադեմ են բոլորը՝ սպայակազմից մինչև դեռատի պատանին, քանզի առիթը փառավոր է, փառապանծ է բանակի անցած ուղին՝ յուրաքանչյուր հայի կյանքով անցած, յուրաքանչյուր հայի հոգով ամրագրված: Ամեն մի գեղարվեստական համարից հետո թնդում են ծափերը՝ այն հյուսելով հայ մարտիկի կատարած սխրանքին, ամեն մի պարային խրոխտ քայլից հետո մտովի տեղափոխվում ես ռազմադաշտ, իսկ հայ երգի քաղցրալուր մեղեդիները ակամայից տեղափոխում են ունկնդրին խրամատները, ուր հայ մարտիկը մտովի թռչում է տուն, դեպի՝ սիրասուն մայրը… Ուսումնարանի և մանկապատանեկան կենտրոնի սաների ելույթը ամբողջացվեցին Գյումրու երիտասարդ մրցանակակիր երգիչների փայլուն կատարումներով, որոնք անմոռանալի պահեր պարգևեցին զորամասի սպայական կազմին և զինվորներին՝ բարձրացնելով նրանց մարտական ոգին: Ցերեկույթն իր գեղարվեստա-դաստիարակչական նշանակությամբ բոլորեց տոնական միջոցառումների շարքը՝ խթանելով հայ մարտիկի հայեցի, հայրենասեր դաստիարակությանը: Միջոցառմանը աջակցել էին Հայաստանի Հանրապետության ‹Հանրապետական› կուսակցության <Գյումրի-2> տարածքային կազմակերպության կանանց և երիտասարդական խորհուրդները: Միջոցառումը եզրափակվեց պատվոգրերի, հուշամեդալների, շնորհակալագրերի փոխադարձ հանձնումներով: Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության պատվոգրերով պարգևատրվեցին՝ 1. ՀՀ ‹Հանրապետական› կուսակցության Գյումրի-2 շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Սուքիաս Ավետիսյանը 2. Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը 3. Գյումրու ‹Ընտանիք› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը: Տոնի առիթով ՀՀ Հանրապետական կուսակցության կողմից հուշանվեր հանձնվեց Գյումրու 55035 զորամասի հրամանատար գնդապետ Ռոբերտ Գասպարյանին, իսկ <Ընտանիք> կենտրոնի և ուսումնարանի կողմից շնորհակալագրերով ու հուշանվերներով պարգևատրվեցին 55035 զորամասի մարտական պատրաստակամությամբ աչքի ընկած սպաները և զինվորները:
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան
<Ընտանիք> ՄՊՍ կենտրոն