You are here

Ընտանիք կենտրոն. «20-րդ դարի Ավարայր» խորագրով ինտելեկտուալ մրցույթ

Մայիսի 16-ին ԿԳն «Ընտանիք» կենտրոնում Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվեց «20-րդ դարի Ավարայր» խորագրով ինտելեկտուալ մրցույթ: 
Միջոցառմանը մասնակցում էին Գյումրու թվով ինը կրթամշակութային հաստատությունների թիմեր՝ խորհրդանշական անվանումներով:  
Մրցույթի նպատակն էր գնահատել Մայիսյան հերոսամարտերը՝ որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջ, մասնակիցներին համախմբել միասնական գաղափարի շուրջ, բարձրացնել նրանց ռազմահայրենասիրական ոգին, հերոսների օրինակով ձևավորել հայրենիքը պաշտպանելու պատրաստակամություն, զարգացնել մասնակիցների տրամաբանությունը, թիմային աշխատանքի, արագ կողմնորոշվելու կարողությունները: 
Ժյուրիի անդամներն էին Շիրակի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի դասախոս Արթուր Նիկողոսյանը, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս Սամվել Հովհաննիսյանը և «Ընտանիք» կենտրոնի տնօրենի տեղակալ Սվետլանա Պետրոսյանը: 
Ողջունելով թիմերին և միջոցառման մասնակիցներին՝ «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն     ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյանը շնորհավորեց Մայիսյան եռատոնի առթիվ, մաղթեց ազնիվ, արդար խաղ, շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ հայրենանվեր գործ կատարելու համար:  
Մինչ մրցույթի սկսվելը, մասնակից թիմերը ծանոթացան խաղի կանոններին և անցկացման ընթացակարգին: Մրցույթը բաղկացած էր երեք փուլից: Հարցերն ու առաջադրանքները թեմատիկ բնույթ ունեին և առնչվում էին 1918 թվականի հերոսամարտերի ընթացքում և դրանից հետո Հայաստանի Առաջին Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունների հետ: 
Յուրաքանչյուր փուլից հետո ժյուրին ամփոփեց արդյունքները, իսկ մասնակիցներն ունկնդրեցին և ակնդրեցին «Ընտանիք» կենտրոնի երգարվեստի, պարարվեստի և Ն. Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցի դեռահասների հայրենասիրական երգ ու պարը: 
Խաղն անցավ համառ  և լարված պայքարի թեժ մթնոլորտում: Բոլոր թիմերը ձգտում էին հասնել առավելագույնին: 
Ժյուրիի նախագահ, պատմաբան Արթուր Նիկողոսյանը նախքան արդյունքների հրապարակումը, շնորհակալություն հայտնեց մրցույթի կազմակերպիչներին՝ մայիսյան այս տոնական ամիսն էլ ավելի շքեղացնելու համար: Շնորհավորեց նաև բոլոր թիմերին և մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին՝ հետաքրքիր, դիտարժան, փայլուն խաղի համար և մաղթեց հետագա հաղթանակներ: 
Մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ. առավելագույն միավորներ վաստակեց Գյումրու  թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Արծվասիրտներ» թիմը, երկրորդ տեղ զբաղեցրեց «Ֆոտոն» վարժարանի «Արիադավան սերունդ» թիմը, իսկ երրորդ տեղը՝ Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցի «Սարդարապատ» թիմը: Թիմերը պարգատրվեցին պատվոգրերով, իսկ հաղթող թիմը ստացավ նաև հուշամեդալ: Արթուր Նիկողոսյանը ևս արժանացավ շնորհակալագրի՝ «Ընտանիք» կենտրոնի հետ համագործակցության և մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը խթանելու համար:
 
Ս. Էլբակյան
       
17/05/2018