Հունիսի 20-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ցուցասրահում տեղի ունեցավ «Հրաշագործ կավը» խորագրով միջոցառում, որին մասնակցեցին կենտրոնի խեցեգործության և պարի խմբակների սաները: Միջոցառման նպատակն էր առաջացնել հետաքրքրություն և սեր կավագործության նկատմամբ, ծանոթացնել դրա բուժական առանձնահատկություններին ու նշանակությանը:
Միջոցառմանը ներկա էին «Ընտանիք» կենտրոնի տնօրինությունը, մանկավարժներ, ծնողներ, խեցեգործ վարպետներ և սաներ:
Սաները միջոցառման սկզբում ներկայացրին կավի ստեղծման պատմությունը, հետաքրքիր մեջբերումներ կատարեցին գիտական գրականությունից: Միջառարկայական կապ ստեղծելով քիմիայի հետ՝ դեռահասները Մենդելեևի պարբերական աղյուսակի միջոցով հստակ բացատրեցին նյութի քիմիական բաղադրությունը և ֆիզիկական հատկությունները: Հետաքրքրական էր հրաշագործ կավի բուժական հատկությունների և առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկությունների հաղորդումը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև տեսանյութ, որը ևս մեկ միջոց էր արժևորելու խեցեգործությունը՝ որպես հին հայկական արվեստի և արհեստի հրաշալի ճյուղ:
Միջոցառման երկրորդ մասում ներկաները ծանոթացան սաների կատարած անհատական աշխատանքներին, որոնք խոսուն վկաներն էին խեցեգործության ոլորտում նրանց ձեռք բերած կարողությունների ու հմտությունների:
Ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների շրջանակում: Ծնողներն արտահայտեցին իրենց կարծիքները՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումները ոչ միայն հետաքրքիր ու գունեղ են դարձնում իրենց առօրյան, այլև նոր շունչ և ոգևորություն են հաղորդում երեխաներին՝ էլ ավելի լավ աշխատելու:
Ք. Նորատյան
26/06/2018