You are here

«Ընտանիք» կենտրոն. «Հրաշագործ կավը» խորագրով միջոցառում

Հունիսի 20-ին  կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ցուցասրահում  տեղի ունեցավ «Հրաշագործ կավը» խորագրով միջոցառում, որին մասնակցեցին կենտրոնի խեցեգործության և պարի խմբակների սաները: Միջոցառման նպատակն էր առաջացնել հետաքրքրություն և սեր կավագործության նկատմամբ, ծանոթացնել դրա  բուժական առանձնահատկություններին ու նշանակությանը: 
Միջոցառմանը ներկա էին «Ընտանիք» կենտրոնի տնօրինությունը, մանկավարժներ, ծնողներ, խեցեգործ վարպետներ և սաներ: 
Սաները միջոցառման սկզբում ներկայացրին կավի ստեղծման պատմությունը, հետաքրքիր մեջբերումներ կատարեցին գիտական գրականությունից: Միջառարկայական կապ ստեղծելով քիմիայի հետ՝ դեռահասները Մենդելեևի պարբերական աղյուսակի միջոցով հստակ բացատրեցին նյութի քիմիական բաղադրությունը և ֆիզիկական հատկությունները: Հետաքրքրական էր հրաշագործ կավի բուժական հատկությունների և առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկությունների հաղորդումը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև տեսանյութ, որը ևս մեկ միջոց էր արժևորելու խեցեգործությունը՝ որպես հին հայկական արվեստի և արհեստի հրաշալի ճյուղ:
Միջոցառման երկրորդ մասում ներկաները ծանոթացան սաների կատարած անհատական աշխատանքներին, որոնք խոսուն վկաներն էին խեցեգործության ոլորտում նրանց ձեռք բերած կարողությունների  ու հմտությունների:
Ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների շրջանակում: Ծնողներն արտահայտեցին իրենց կարծիքները՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումները ոչ միայն հետաքրքիր ու գունեղ են դարձնում իրենց առօրյան, այլև նոր շունչ և ոգևորություն են հաղորդում երեխաներին՝ էլ ավելի լավ աշխատելու: 
 
Ք. Նորատյան   
    
26/06/2018