««Նարեկը» հայ մարդուն 1000 տարով պահեց քրիստոնյա,
Հովհաննես Շիրազի «Հայոց Դանթեականը» հայ մարդուն 1000 տարով կպահի հայ»:
Ավ. Իսահակյան
Նեյեմբերի 29-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մեսրոպյան այբուբեն» ընթերցասրահում տեղի ունեցավ «Շիրակի համն ու հոտը» խորագրով գրական ցերեկույթ՝ նվիրված Գյումրի քաղաքի վերածննդին:
Միջոցառման նպատակն էր գնահատել Շիրակ աշխարհում ծնունդ առած հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազին և արժևորել նրա թողած գրական ժառանգությունը, սաներին հաղորդակից դարձնել Շիրակ աշխարհի ժողովրդական երգին ու պարին:
Ցերեկույթը յուրահատուկ է իր ձևաչափով. սեղանի շուրջ Հովհաննես Շիրազի հայրենասիրական, մայրական և սիրո թեմաներով բանաստեղծությունները ներկայացրեցին «Ընտանիք» կենտրոնի աշխատակիցները, սաները և Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները:
Միջոցառման ընթացքում մասնակիցները մեծարեցին Շիրազին՝ որպես մայրական սիրո և հայրենիքի երգիչ: Մայրը Շիրազի համար վեր էր ամեն ինչից. նա սրբություն էր, ոգեղեն ուժ, երկրային կյանքի բարի հրեշտակ, որն ասմունքողները փորձեցին ներկայացնել նրա շնչով, և հանդիսատեսի մոտ առաջացրեցին ջերմ ու հուզառատ զգացմունքներ:
Մասնակիցները նրա ստեղծագործությունների միջոցով ներկայացրեցին նաև սիրո զգացմունքի ամենատարբեր երանգները՝ վայելքը, եսասիրությունը և անհավատարմության պատճառած ցավը, տխրությունը, կարոտը…
Միջոցառման ընթացքում հնչեցին Շիրազի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր՝ համադրված դուդուկի և պարարվեստի խմբակների սաների ելույթներով:
Գրական ցերեկույթը եզրափակվեց Գյումրվա օրհներգը դարձած «Հայաստանի աղն ես Գյումրի» ստեղծագործությամբ:
Այո՛, Շիրազը շռայլորեն վարձատրված էր իր այնքան սիրելի բնությունից, և իր ողջ տաղանդը նվիրաբերեց ժողովրդին` նրան վերադարձնելով այն անսպառ գանձերը, որ քաղել էր նրա ընդերքից և դարձրել Շիրակի համն ու հոտը...
Կ. Աթոյան
14/12/2018