You are here

«Ընտանիք» կենտրոն. Գյումրի քաղաքի վերածննդին նվիրված «Շիրակի համն ու հոտը» խորագրով գրական ցերեկույթ

 
 
««Նարեկը» հայ մարդուն 1000 տարով պահեց քրիստոնյա, 
Հովհաննես Շիրազի «Հայոց Դանթեականը» հայ մարդուն 1000 տարով կպահի հայ»: 
Ավ. Իսահակյան
 
Նեյեմբերի 29-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մեսրոպյան այբուբեն» ընթերցասրահում տեղի ունեցավ «Շիրակի համն ու հոտը» խորագրով գրական ցերեկույթ՝ նվիրված Գյումրի քաղաքի վերածննդին:
Միջոցառման նպատակն էր գնահատել Շիրակ աշխարհում ծնունդ առած  հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազին և արժևորել նրա թողած գրական ժառանգությունը, սաներին հաղորդակից դարձնել Շիրակ աշխարհի ժողովրդական երգին ու պարին:
Ցերեկույթը յուրահատուկ է իր ձևաչափով. սեղանի շուրջ Հովհաննես Շիրազի հայրենասիրական, մայրական և սիրո թեմաներով բանաստեղծությունները ներկայացրեցին «Ընտանիք» կենտրոնի աշխատակիցները, սաները և Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները: 
Միջոցառման ընթացքում մասնակիցները մեծարեցին Շիրազին՝ որպես մայրական սիրո և հայրենիքի երգիչ: Մայրը Շիրազի համար վեր էր ամեն ինչից. նա սրբություն էր, ոգեղեն ուժ, երկրային կյանքի բարի հրեշտակ, որն ասմունքողները փորձեցին ներկայացնել նրա շնչով, և հանդիսատեսի մոտ առաջացրեցին ջերմ ու հուզառատ զգացմունքներ:
Մասնակիցները նրա ստեղծագործությունների միջոցով ներկայացրեցին նաև սիրո զգացմունքի ամենատարբեր երանգները՝ վայելքը, եսասիրությունը և անհավատարմության պատճառած ցավը, տխրությունը, կարոտը…
Միջոցառման ընթացքում հնչեցին Շիրազի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր՝ համադրված դուդուկի և պարարվեստի խմբակների սաների  ելույթներով:
Գրական ցերեկույթը եզրափակվեց Գյումրվա  օրհներգը դարձած «Հայաստանի աղն ես Գյումրի» ստեղծագործությամբ:
Այո՛, Շիրազը շռայլորեն վարձատրված էր իր այնքան սիրելի բնությունից, և իր ողջ տաղանդը նվիրաբերեց ժողովրդին` նրան վերադարձնելով այն անսպառ գանձերը, որ քաղել էր նրա ընդերքից և դարձրել Շիրակի համն ու հոտը...
 
Կ. Աթոյան
    
14/12/2018