Հունվարի 20-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դուդուկի խմբակի սաները և ազգագրական երգ ու պարի խմբակի ղեկավար Կարեն Աթոյանը մասնակցեցին Շիրակի պետական համալսարանում կազմակերպված «Զարթնի՛ր Մասիս, հայն է գալիս» խորագրով միջոցառմանը՝ նվիրված Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի /ԱՍԱԼԱ/ հիմնադրման 44 ամյակին:
Միջոցառման նպատակն էր ներկաներին ծանոթացնել ԱՍԱԼԱ-ի կազմավորման նպատակին, ճանաչելի դարձնել կյանքը հանուն ազատ հայրենիքի և արդարության զոհած բոլոր մարտիկներին, մասնակիցներին ոգեշնչել հերոսների հայրենասիրական ոգով:
Ցերեկույթին ներկա էին Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի մարտիկները, «Ընտանիք» կենտրոնի մանկավարժները, ազատամարտիկներ և կրթական ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Միջոցառման կազմակերպիչները ներկայացրեցին 20-րդ դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունները, ԱՍԱԼԱ-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանին, կնքահայր Գուրգեն Յանիկյանին և հերոսների ծավալած գործունեությունը:
Ցուցադրված տեսանյութին համահունչ «Ընտանիք» կենտրոնի դուդուկի խմբակի սաները ներկայացան «Ես լսեցի մի անուշ ձայն» կատարմամբ: Իսկ Կարեն Աթոյանը հանդես եկավ ԱՍԱԼԱ-ի մարտիկների համար խորհրդանշական դարձած «Զարթի՛ր, լաո» ռազմահայրենասիրական երգով, որը հնչել էր հայերի կողմից Փարիզում կայացած ԱՍԱԼԱ-ի «Վան» գործողության հերոսների դատավճռի ժամանակ:
Հանդիսության ավարտին միջոցառման կազմակերպիչ Գոհար Բադասյանը շնորհակալություն հայտնեց «Ընտանիք» կենտրոնի տնօրինությանը համագործակցության ու աջակցության համար և մասնակիցներին նվիրեց Կամո Վարդանյանի հեղինակած «Պայթյուններ Թուրքիայում և… ոչ միայն» գիրքը՝ նվիրված Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին:
Հ. Սարգսյան
24/01/2019