You are here

«Ընտանիք» կենտրոն. «Կախարդական գրչի վարպետը» խորագրով միջոցառումների մեկնարկ

Փետրվարի 19-ը մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Հայաստանում այդ օրը` ի պատիվ մեծ լոռեցու, նշվում է որպես Գիրք նվիրելու օր: 
ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում օրվա խորհրդին համահունչ կազմակերպվեց գրքահավաք և կլոր սեղան-քննարկում, որով և մեկնարկվեց «Կախարդական գրչի վարպետը» խորագրով միջոցառումների շարքը` նվիրված բանաստեղծի հոբելյանական 150-ամյակին: 
Միջոցառումը նպատակային էր՝ բանաստեղծի անցած ուղին վերաարժևորելու, ավանդած գրական ու մշակութային ժառանգությունը նոր սերնդին հասու դարձնելու, թումանյանական ոգին ու շունչը սաներին փոխանցելու համար:
Ցերեկույթի առանցքը գիրք նվիրելու գեղեցիկ արարողությունն էր, որը միախմբել էր կենտրոնի սաներին վերահաստատելու այն իրողությունը, որ մեզնից շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, անմահ քառյակներով, պոեմներով...
Միջոցառման ընթացքում ներկայացվեց և տեսաշարով ցուցադրվեց Հովհաննես Թումանյանի առանձնահատուկ վերաբերմունքը, հոգատարությունը, նախանձախնդիր վերաբերմունքը և  սերը գրքերի հանդեպ: 
Կլոր սեղանի շուրջ մասնակիցները քննարկեցին և բացահայտեցին նաև, թե յուրաքանչյուրի համար Թումանյանի ո՞ր ստեղծագործությունն է նախընտրելի և ինչո՞ւ: Նրանց հնարավորություն ընձեռնվեց յուրովի շնորհավորել և մաղթանքներ ուղղել սիրելի բանաստեղծին: Կենտրոնի սաներից մեկը գրել էր. «Իմ ամեն տարիքի սիրելի բանաստեղծ, շնորհավոր քո ծնունդը, քո լուսավոր մուտքը հայ գրականություն: Որքան սերունդներ ես կրթել, դաստիարակել ու դեռ կշարունակես... Իսկապես, որ անմահ են քո ստեղծագործությունները և գործը: Ինչքան աղքատիկ կլիներ մեր ներաշխարհն ու երևակայությունը, եթե չլինեիր դու և քո  թողած ավանդը...»:
Միջոցառման ավարտին սաները կոչ արեցին բոլորին և հատկապես՝ հասակակիցներին, լինել հետևողական ու գնահատել այն ուժը, որ կոչվում է գիտելիք և գիրք:
       
 
 Ս. Հակոբյան
 
21/02/2019