You are here

Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ …

2014 թվականի մայիսի 24-ին` Գյումրու  «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթը» եզրափակող միջոցառումը: Միջոցառումների շարքը նպատակաուղղված էր նպաստելու պատանիների բազմակողմանի՝ մշակութային, գեղագիտական, կրթական և հայրենասիրական դաստիարակության զարգացմանը: Ծրագիրը իրականացվեց մայիսի 19-ից 24-ը Շիրակի մարզի Աշոցք, Վահրամաբերդ համայնքներում և Գյումրի քաղաքում: Հանրապետության հյուսիսային տարածաշրջանի ազգաբնակչությունը յուրովի ջերմությամբ ընդունեց հայրենի երկրի` արևով ողողված, մատաղ սերնդի մշակութային ընծաները: Աշոցքում տոն էր` մասնակիցների գունեղ, գեղագիտությամբ հագեցած ելույթները ապացուցեցին հայի հավաքական ուժի զորեղությունը, նրա անմնացորդ նվիրումն ազգային ավանդույթներին և հայրենասիրական վեհ գաղափարներին:

Միջոցառումների երթը շարունակվեց մայիսի 22-ին` Վահրամաբերդի մշակույթի կենտրոնում, ուր գործում են «Ընտանիք» կենտրոնի խմբակները: Տանտերերը հյուրերին դիմավորեցին ոգևորությամբ և խանդավառությամբ: Հանդիսատեսը հմայված ըմբոշխնեց «Ազգերի պարային ռիթմեր» խորագիրը կրող համերգային ծրագիրը, որին մասնակցում էին «Ընտանիք» և Աշոցքի  մանկապատանեկան կենտրոնների սաները:

Վահրամաբերդի համերգային ծրագիրն ամբողջացվեց Մարմաշենի վանական համալիր այցով, որտեղ  կենտրոնի սաները հաղորդակցվեցին քահանա Տեր Փառե Պետրոսյանի հետ, որն էլ հանգամանորեն ներկայացրեց հայ եկեղեցու անուրանալի դերը` հայի ինքնության հարատևման համար:

 «Գեղարվեստական կրթության շաբաթը» եզրափակվեց Գյումրու «Ընտանիք» կենտրոնում, որի սրահներում արքայավայել թիկնել էին սաների մտքի և ձեռքի ինքնատիպ, ակնահաճո արարումները: Միջոցառմանը հրավիրված էին Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի ղեկավար այրեր, ՌԴ հյուպատոսարանի բարձրաստիճան անձինք, հոգևոր հայրեր, պարարվեստի վաստակաշատ վարպետներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով. քահանա Տեր Հարություն Պետրոսյանի օրհնությամբ նկարչական, զարդակիրառական արվեստի խմբակների սաների տպավորիչ աշխատանքները ներկայացնելուց հետո, կենտրոնի տնօրեն` Ա. Մինասյանը պատվոգրերով պարգևատրեց վաստակաշատ մանկավարժներին:

Սաները իրենց գեղեցիկ կատարումներով հանդիսականին պարգևեցին անմոռանալի պահեր, որը բարձր գնահատեց նաև Ռուսաստանի փոխհյուպատոսը` արժևորելով հայ և ռուս ժողովուրդների անխախտ բարեկամությունը: Հրաշալի պարային համարները /ղեկ. Մ. Թորոսյան, Ա. Մելիքսեթյան/ զուգակցված էին ազգային քաղցրալուր մեղեդիներով /ղեկ. Կ. Աթոյան/: Հանդիսատեսին հիացրեց կենտրոնի մարտական արվեստների խմբակի սաների մարզական հնարամիտ լուծումները /ղեկ.Էդ. Դոխոլյան/: Ներկայացվեց նաև զեկույց` գեղարվեստական կրթության բարձրարժեք դերի և նշանակության մասին /Ս. Ավետիսյան/, որը հանրագումարի բերեց նշանակալից միջոցառման անհերքելի նպաստը պատանիների գեղարվեստական կրթության և դաստիարակության գործում:

 

Ս. Ավետիսյան