You are here

«Ընտանիք» կենտրոն. ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված միջոցառումներ

 
Սեպեմբերի 21-ին ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակում կազմակերպեց ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված «Իմ անո˜ւշ հայրենիք» խորագրով միջոցառումների շարք:
Կենտրոնի սաները ներկայացան ժողովրդական և ազգագրական երգ ու պարով, մասնակցեցին նկարչական ֆլեշմոբի, կազմակերպվեց նաև «Անկախության գույները» խորագրով ստեղծագործական մրցույթում ներկայացված դեկորատիվ կիրառական արվեստի աշխատանքների ցուցադրություն:
Սեպտեմբերի 28-ին նշյալ ստեղծագործական մրցույթի լավագույն աշխատանքների հեղինակաները խրախուսվեցին Հայաստանի պատմության թանգարան այցելությամբ:
Ճանաչողական այցի նպատակն էր ներկայացնել Հայաստանի պատմության հաղթական էջերը, արժևորել հայ ժողովրդի անցած պատմական ուղին և ձեռքբերումները, անկախ պետականություն ունենալու կարևորությունը, սաների մեջ զարգացնել հայրենիքը պաշտպանելու և շենացնելու մղում:
Սաները թանգարանում ծանոթացան Գառնի, Արտաշատ, Օշական հնավայրերից պեղված հելլենիստական մշակույթի ինքնատիպ փոխակերպման բարձրարժեք նմուշների, IV-XV դարաշրջաններում Հայաստանի քրիստոնեական մշակույթի, Ուրարտուի Արգիշտի I արքայի՝ Երևան քաղաքի հիմնադրման մասին թողած սեպագիր արձանագրության և այլ պատմական ցուցանմուշների հետ։
Հայաստանի պատմության թանգարանում տեսածն ու լսածը մասնակիցները կենտրոնի այլ սաների հետ կիսեցին սեպրեմբերի 30-ին կազմակերպված կլոր-սեղանի ընթացքում, որի ժամանակ քննարկեցին նաև «Անկախության ձեռքբերումները» թեման:  Քննարկման արդյունքում սաներն արժևորեցին հայ ժողովրդի անկախության ձեռքբերումն ու պահպանումը՝ որպես երկրի քաղաքական, տնտեսական զարգացման և միջազգային հարաբերություններում լիիրավ պետական սուբյեկտ հանդես գալու կարևոր գործոն։
 
Ա. Մկրտչյան
      
26/09/2019