You are here

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում տեղի ունեցավ ուսումնական խոհանոցի, երիտասարդների ժամանցի սրահի պաշտոնական բացման արարողությունը

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում տեղի ունեցավ ուսումնական խոհանոցի, երիտասարդների ժամանցի սրահի պաշտոնական բացման արարողությունը, որը նվիրված է 44-օրյա պատերազմում ուսումնարանի և «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մարտիրոսված  սաների հիշատակին:

Միաժամանակ նշվեց  նաև «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի գործունեության 30-ամյակը:

Բացման արարողությանը ներկա էին ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, քաղաքային և մարզային իշխանության ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր արտերկրից՝ «Œuvre d’Orient» կազմակերպության գլխավոր տնօրեն, եպիսկոպոս Պասկալ Գոլնիշին, գործառնությունների գծով տնօրեն Վինսեն Քայոլին, ծրագրի ղեկավար Էգլանտին Գաբե-Իալեին, ինչպես նաև զոհված զինծառայողների ծնողներ և հարազատներ, պատերազմի մասնակից սաներ:

 

Միջոցառման սկզբում «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը ներկայացրեց կազմակերպության 31-ամյա գործունեությունը, ֆրանսիական «Œuvre d’Orient» կազմակերպության համագործակցությամբ իրականացված ծրագրերը։

«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը նշեց, որ կենտրոնն իր  վրա է վերցրել ամբողջ մարզի արտադպրոցական կրթության իրականացումը՝ տարաբնույթ միջոցառումների և ծրագրերի շնորհիվ,ներառելով շուրջ յոթ տասնյակ համայնք։

Միջոցառման ընթացքում ելույթի խոսքով հանդես եկավ նաև ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով նշեց, որ կենտրոնի գործունեության արդյունքում ունենք հայրենիքի արժանապատիվ և հայրենասեր քաղաքացիներ, ովքեր կարողանում են դրսևորել իրենց տաղանդները։ Տարբեր և զարմանահրաշ արվեստի գործեր տեսանք հաստատության պատերին, ցուցափեղկերին։ Ամեն անկյունում նայելու բան կար, ինչը վկայում է, որ այստեղ բացահայտվում ու զարգանում են մասնագիտական կարողություններ։ Մենք տեսանք, թե ինչպես է մասնագիտական գործունեությունը դառնում հանրային բարիք»,-ասաց տիկին Անդրեասյանը։

 Միջոցառման ընթացքում պարգևատրվեցին ուսումնարանի և կենտրոնի զոհված զինծառայողների ծնողները, ինչպես նաև պատերազմի մասնակից մանկավարժներն ու սաները:

 «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի գործունեության 30-ամյակի առիթով ԿԳՄՍ նախարարության կողմից երկարամյա և բեղուն մանակավարժական գործունեության համար շնորհակալագրերով պարգևատրվեցին կենտրոնի յոթ մանկավարժներ, իսկ ուսումնադաստիարակչական և վարչատնտեսական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Սվետլանա Պետրոսյանը՝ նախարարության մեդալով։

2020 թվականի44-օրյա պատերազմի օրերին հայ ժողովրդի կողքին լինելու և աջակցելու համար նախարարությունը շնորհակալագրերով պարգևատրեց նաև  «Œuvre d’Orient» կազմակերպության գլխավոր տնօրեն, եպիսկոպոս Պասկալ Գոլնիշին, գործառնությունների գծով տնօրեն Վինսեն Քայոլին, ծրագրի ղեկավար Էգլանտին Գաբե-Իալեին։

 

Նշենք, որ ուսումնական ճաշասրահի/խոհանոցի/ կառուցումն իրականացվել է «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ֆրանսիական «Œuvre d’Orient» կազմակերպության հիմնական ֆինանսավորմամբ, ինչպես նաև Շվեյցարական «Cédric Martin» հիմնադրամի, Ջաբուղյան ընտանիքի  և այլ բարեգործների աջակցությամբ։

Նորարարական լուծումներով ժամանակակից խոհանոցային կահավորումն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի /UNDP/ կողմից։

 

Ի դեպ, ուսումնական խոհանոցը ծառայելու է նաև  ուսումնարանի «Խոհարարական գործ» մասնագիտությամբ ներդրված դուալ կրթական համակարգում սովորող 50 ուսանողների գործնական աշխատանքները կազմակերպելու համար։ Ընդ որում, վերջիններս իրենց գործնական պարապմունքների համար ստանում են անհրաժեշտ սննդամթերքը, որը պատրաստի արտադրանք դառնալուց հետո տրվում է ուսանողներին ու սաներին։

28/10/2021