You are here

«Ձախորդ Փանոսը» հայտնի հեքիաթի բեմականացումը «Ընտանիք» կենտրոնում

Հազար ութ հարյուր վաթսունինն թվին
Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին,
Հայոց հանդերում ի՞նչ բերք էր հասել,-
Դժվար է ասել: 
Սակայն այդ թվին Մայր Հայաստանի
Արգանդը եղավ սրբորեն բեղուն,
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում... 
 
Փետրվարի 19-ից ԿԳՆ Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական  կենտրոնում մեկնարկվեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 146-ամյակի և գիրք նվիրելու օրվա տոնական միջոցառումները:
Միջոցառումների  նպատակն էր սեր արթնացնել գրքի նկատմամբ, հաղորդակից լինել ոչ միայն անցյալի արժեքներին, այլև ուշադրություն դարձնել ժամանակակից գրականությանն ու արվեստին:
Տոնի խորհուրդը ներկայացվեց Հ. Թումանյանի «Ձախորդ Փանոսը» հայտնի հեքիաթի բեմադրությամբ: Թատերական խմբակի սաների խոսքը պարզ էր, բայց ոչ պարզունակ, ու դա ոչ թե մտքի կամ հույզի նոսրությունից է, այլ բյուրեղյա մաքրությունից, մտածողության հստակությունից:
Հանդիսականը մտովի տեղափոխվեց մանկության երազներով լի աշխարհ, որտեղ մի հարկի տակ ապրում էին Թումանյան-մանկագրի կողմից շունչ ու հոգի առած հեքիաթի հերոսները:
«Ընտանիք» կենտրոնի  մի քանի օր շարունակ իր հարկի տակ հյուրընկալեց թաղամասի նախակրթարանի փոքրիկներին: «Կարմիր Գլխարկ» նախակրթարանի երեխաները իրենց ջերմությամբ ոգևորեցին դերասան հեքիաթի հերոսներին:  
Միջոցառումները եզրափակվեցին  գիրք նվիրելու գեղեցիկ արարողությամբ:
Գրողի յուրաքանչյուր հոբելյան դառնում է նրա ժողովրդականության վառ ապացույցը:
 
Սեդա Հակոբյան