«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Շեքսպիրյան հերոսները» խորագրով միջոցառում, որի նպատակն ու խնդիրն էր ներկայացնել անգլիական գրականության հայտնի դեմքերից՝ Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունները, ճանաչել և արժևորել արտասահմանյան գրողի կյանքն ու գրական ուղին, դեռահասների մեջ սերմանել սեր անգլիական գականության նկատմամբ, նպաստել անգլերենի բանավոր խոսքի զարգացմանը, բառապաշարի հարստացմանը, խթանել օտար լեզվով ընթերցելու արհեստավարժությանը։
Սաները՝ Վիլյամ Շեքսպիրի կյանքի ու ստեղծագործությունների մասին տեղեկություններ ձեռք բերեցին նաև Շիրակի մարզային գրադարանի գրականության բաժնից, որի ընթացքում կողմնորոշվեցին և որոշեցին, թե որ թեման կցանկանային, բեմ բարձրացնել, հանրայնացնել։ Թեև Շեքսպիրի բոլոր ստեղծագործություններին սաները ծանոթացան, բայց ընտրեցին սիրո թեման։ Դեռահասներին հաջողվեց գեղեցիկ ներկայացնել, մատուցել բոլորի սրտին կպնող ու հուզող թեման։
Անգլերեն լեզվի խմբակի սաները բովանդակալից ներկայացրին Շեքսպիրին՝ որպես դրամատուրգի, նրա ստեղծագործական ուղին ու գլուխգործոցները,պատրաստեցին տեսասահիկ, որտեղ հայ անվանի դերասանները ներկայացնում են շեքսպիրյան ստեղծագործությունները։ Խմբակի սաները բեմադրեցին հատված «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունից։ Վեր հանելով սիրո անմահ գաղափարը՝ իրենց խաղով հանդիսատեսին ցույց տվեցին, որ աշխարհում կա մի բան, որ չունի ո'չ սահման, ո՛չ էլ վերջ, և հենց դա սերն է։ Սերն անմահ է, այս մոտեցմամբ սաներն հայտնի ողբերգությունը՝ սիրո երջանիկ ավարտով մատուցեցին։
Միջոցառման մասին խոսեց կենտրոնի փոխտնօրեն Սվետլանա Պետրոսյանը, վերջինս ողջունեց սաների բեմական արվեստն ու անգլերենով վարժ հաղորդակցման հմտությունները։ Իրենց շնորհակալական ու հիացմուքի խոսքն հայտնեցին նաև հանրակրթական դպրոցների մանկավարժներն ու ծնողները, նշելով, որ երեխաների արտադպրոցական կրթության և գեղագիտական դաստիարակության հարցում «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի առաքելությունն յուրովի է կատարում։