You are here

Սեմինար ՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին, «Պատմության լուռ վկաները» ծրագրի շրջանակներում

Ապրիլի 10-ին Գյումրու «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում մեկնարկվեց Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված  «Պատմության լուռ վկաները»  ծրագիրը: 
Իր ելույթում «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանը ներկայացրեց <Պատմության լուռ վկաները» ծրագիրը, որն իր մեջ ներառում է բազմաբովանդակ  16 միջոցառումների շարք. սեմինարներ մարզի համայնքներում, 10 հուշակոթողների տարածքների մաքրման աշխատանքներ, թեմատիկ մրցույթներ  և խորհրդանշական  ծառատունկ:
Հատկապես կարևորեց ազգային փոքրամասնությունների  մասնակցությունը ծրագրին, որի նպատակն է ընդլայնել դեռահասների ունեցած պատկերացումները ցեղասպանությունների վերաբերյալ, դեռահասների մոտ զարգացնել այն միտքը, որ հայը համամարդկային արժեքներ ստեղծող և պահպանող  ազգ է, բողոքի ձայն բարձրացնել   ընդդեմ մշակութային <վանդալիզմի և ջարդի>, գնահատել  ազգային և մշակութային արժեքները, բարձրացնել դեռահասների ազգային և ռազմահայրենասիրական ոգին, <Հիշում եմ, պահանջում եմ...> գաղափարի շուրջ համախմբել Շիրակի մարզի համայքների, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների դեռահասներին:
Առաջին միջոցառումը՝ «Ցեղասպանություն» թեմայով սեմինարը, անցկացվեց «Ընտանիք» կենտրոնի դահլիճում, որին մասնակցեցին  Շիրակի մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչներ և դպրոցականներ, Երկրապահ  կամավորական միության անդամներ, մշակույթի գործիչներ, պատմաբաններ, դասախոսներ, ՀԿ նախագահներ, քաղաքային և  մարզային կառույցների աշխատակիցներ, Շիրակի մարզի Գրողների միության անդամներ և <Ընտանիք> կենտրոնի սաներ:
Շիրակի թեմի հոգևոր հովիվ Տեր Փավստոս քահանա Սարգսյանի  աղոթքի ներքո ներկաները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց Մեծ Եղեռնի նահատակներին: 
Հետաքրքիր և կուռ կառուցվածք ուներ պատմության դասախոս Ա. Պետրոսյանի վարած սեմինարը, որը  տեղեկատվություն հաղորդեց թուրքական իրար հաջորդող կառավարությունների դիրքորոշումների, վարած քաղաքականության մասին, ինչպես նաև համաշխարհային  արձագանքին՝ 20-րդ դարասկզբի զարհուրհելի ոճրագործության վերաբերյալ: Զուգահեռաբար ներկայացվող փաստավավերագրական նյութերն ավելի տպավորիչ ու հասու էին դարձնում Հայոց ցեղասպանության փաստերն ու երևույթները: 
Միջոցառման ընթացքում ելույթներ  ունեցան Հյուսիսային մարզերի եզդիների միավորման ՀԿ նախագահ՝ Հ.Սերոյանը, Ռոսիո ՀԿ Գյումրու մասնաճյուղի նախագահ՝ Լ.Հարությունյանը, Շիրակի մարզի հունական «Էլլադա» համայնքի նախագահ՝ Կ.Իսպիրյանը,  ովքեր ներկայացրին իրենց ազգային համայնքների ապրումակցումը  Հայոց Մեծ Եղեռնի  նկատմամբ՝ հարյուրամյա տառապանքը համարելով  նաև իրենցը:
 Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս, պատմաբան Ե.Վարդանյանը, լցված ապագայի հանդեպ հույսի ու հավատի ներշնչանքով, պատգամեց երիտասարդ սերնդին պահպանել ազգային դիմագիծը, լինել պահանջատեր և միևնույն ժամանակ հանդուրժող և իրավապաշտպան ազգային փոքրամասնությունների մշակույթի հանդեպ:  
Ողջունելի էր նաև մասնակից դեռահասների ելույթները, ովքեր անկոտրուն կամք և երբեք չհանձնվելու երդում տվեցին ներկաներին և երիտասարդ սերնդի անունից պարտավորվեցին մինչև վերջ պայքարել  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար:
 
Հերմինե Սարգսյան