Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ‹‹Պատմության լուռ վկաները›› ծրագրի շրջանակներում ըստ ժամանակացույցի ապրիլի 10-29-ը ‹‹Ցեղասպանություն››, «Հուշակոթողների պահպանում», «Հուշակոթողների և տեսարժան վայրերի միջազգային օրեր՝ նվիրված առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցին» թեմաներով սեմինար-քննարկումներ անցկացրեց Շիրակի մարզի Ցողամարգ, Թորոսգյուղ, Գոգհովիտ համայնքներում, Աշոցքի մարզամշակութային և ‹‹Ընտանիք›› կենտրոններում:
Սեմինարների անցկացման նպատակն էր դեռահասների մեջ սերմանել ազգային և մշակութային արժեքները որպես մշակութային ժառանգություն գնահատելու և պահպանելու գաղափար, ներկայացնել պատմության ցավոտ էջերը, <Հիշում եմ և պահանջում> գաղափարի շուրջ համախմբել դեռահասներին, զարգացնել համագործակցությունը ազգային փոքրամասնությունների և մարզի համայնքների հետ:
Սեմինարին մասնակցեցին Շիրակի մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչներ, դպրոցականներ, մանկավարժներ, ‹‹Ընտանիք›› կենտրոնի սաներ, Երկրապահ կամավորական միության անդամներ և հոգևորականներ:
Բովանդակալից ու հագեցած էր դասախոս Ա. Մկրտչյանի անցկացրած սեմինարը, որի ընթացքում ներկայացվեց Ցեղասպանության ընթացքում և հետագայում թուրքերի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ տեղեկատվություն, տեսանյութով ցուցադրվեց Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող կիսաավեր և քանդված, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկված հուշակոթողները:
Գրեթե բոլոր ելույթ ունեցողները մեղադրական և քննադատական վերաբերմունք ու ցավ արտահայտեցին թուրքերի կողմից իրականացված սրբապիղծ գործողությունների վերաբերյալ, դատապարտեցին կատարվածը, նշելով, որ հայը մշակութապահպան ազգ է, իսկ ավերված հուշակոթողները ոչ միայն պատմության լուռ, այլ նաև խոսուն վկաներն են, որոնք փաստում են մեր հարուստ մշակութային անցյալի մասին:
Քննարկվեց նաև մինչ օրս իրականացվող մշակութային վանդալիզմի հարցը և դեռահասներին կոչ արվեց առանձնահատուկ վերաբերմունք և խմանք ցուցաբերել ազգային արժեքների հանդեպ:
Հերմինե Սարգսյան