Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է
‹‹Աղոթքի լեզու››, այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:
Նիկողայոս Մառ
Հայկական տառեր.. հայոց լեզու… սա է հայ ազգի գանձը, մեր ժողովրդի հույսը և բոլոր ժամանակներում ինքնատիպության պահպանման ուժը:
Հունիսի 30-ին Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում բացվեց ‹‹Ոսկեղենիկ հայերեն›› խորագրով մրցույթի արդյունքում մրցանակային տեղեր գրաված և լավագույն աշխատանքների ցուցահանդես, որը շարունակվեց մինչև հուլիսի 3-ը:
Դեռևս 2015 թվականի փետրվար ամսին հայտարարված մրցույթին ներկայացված էին արվեստի տարբեր ոճերի շուրջ 70 աշխատանքներ, որոնց հեղինակներն էին ‹‹Ընտանիք›› կենտրոնի տարբեր խմբակների, ինչպես նաև Թորոսգյուղ, Գոգհովիտ, Ցողամարգ համայնքներում գործող գեղանկարչության խմբակների սաները:
Ցուցահանդեսի նպատակն էր ներկայացնել հայոց այբուբենը՝ կիրառական արվեստի տարբեր ճյուղերի ստեղծագործական աշխատանքների միջոցով, բացահայտել տաղանդավոր սաներին, զարգացնել նրանց ստեղծագործական միտքը և գեղագիտական ճաշակը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին արվեստագետներ, համայնքների ղեկավարներ, դպրոցի տնօրեններ, մանկավարժներ, ծնողներ, սաներ: Նրանք դիտեցին և իրենց հիացմունքն արտահայտեցին ստեղծագործ աշխատանքների վերաբերյալ, որոնցից յուրաքանչյուրը վկայում էր հայի ինքնության և հարատևման մասին: Սաների կողմից հայոց այբուբենի նվիրական տառերի ստեղծագործական մոտեցումը կարծես անդրադարձ էր դեպի հայոց պատմության ու մշակույթի քառուղիներ, հարգանք ու խոնարհում հայ մեծերի նկատմանբ: Կենտրոնի դահլիճում հանդիսավոր կերպով եզրափակվեց միջոցառումը, որտեղ տնօրեն Արթուր Մինասյանի կողմից շնորհվեցին պատվոգրեր առաջին երեք տեղերը գրաված աշխատանքների հեղինակներին:
Խրախուսական պատվոգրերի արժանացան նաև Թորոսգյուղ համայնքի ու ‹‹Ընտանիք›› կենտրոնի թվով 4 դեռահասներ՝ ցուցահանդես-մրցույթում ակտիվ մասնակցության համար:
Եռօրյա ցուցադրությունը ունեցավ բազմաթիվ դիտորդներ և այցելուներ: Աշխատանքներն արժանացան բարձր գնահատականի արվեստասեր հասարակության կողմից:
Հ. Սարգսյան