Նոյեմբերի 6-ին Գյումրու «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում տեղի ունեցավ ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի եզրափակումը:
Ծրագրի առաջին փուլում Ջավախքի և Շիրակի մարզի համայնքների թվով 20 մանկավարժների համար հուլիսի 1-11-ը իրականացվել է վերապատրաստման դասընթացներ՝ «Համայնքային հետազոտության իրականացման և կարիքների հայտնաբերման մեթոդների ուսումնասիրում», «Ըստ նախասիրությունների մասնագիտությունների դասավանդման ծրագրերի և թեմատիկ պլանների կազմում», «Անհատական և շերտավոր դասավանդման կարևորությունն արտադպրոցական կրթության գործընթացում» և այլ թեմաներով:
Ծրագրի երկրորդ փուլում Ջավախքում և Շիրակի մարզի Մուսայելյան, Ազատան, Ղարիբջանյան, Ախուրյան, Հայրենյաց, Ջրառատ, Մեղրաշատ, Բյուրակն, Երազգավորս, Աշոցք համայնքներում սեպտեմբերի 22-ից նոյեմբերի 2-ը «Ընտանիք» կենտրոնի մանկավարժների և շնորհալի սաների կողմից իրականացվեցին «Վարպետաց» դասեր: Շնորհիվ իր հանձնառու անդամների նվիրական ջանքերի՝ ազգային արհեստների և արվեստի «Վարպետաց» դասերի կազմակերպումը ստեղծեց ներդաշնակ երկխոսության ու համագործակցության միջավայր, որը նպաստեց նաև բացահայտելու դեռահասների շնորհն ու տաղանդը, օգնեց նրանց մասնագիտական կողմնորոշմանը: Գործնական դասընթացների իրականացման շնորհիվ դպրոցականները ձեռք բերեցին ազգային արհեստների և արվեստի վերաբերյալ գիտելիքներ և կարողություններ: Դեռահասների արտահայտած տպավորությունները փաստեցին, որ ծրագիրը նպաստեց նրանց նախասիրությունների բացահայտմանը, առաջացրեց հետաքրքրություն արվեստի տարբեր ճյուղերի հանդեպ:
Սամցխե –Ջավախք երկրամասի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղում և «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային երիտասարդական կենտրոնում գործնական դասընթացներից զատ անցկացվեց նաև սեմինար՝ «Ջավախքի և Շիրակ աշխարհի մշակույթը, սովորույթներն ու ավանդույթները» թեմայով: Կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը կարևորեց նման փոխայցելությունները սփյուռքում գտնվող մշակութային կենտրոնների համագործակցության և հայապահպանության գործընթացում:
Եզրափակիչ ցուցահանդես-միջոցառմանը ներկա էին ծրագրին մասնակից Շիրակի մարզի համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, սաներ և ծնողներ:
«Ընտանիք» կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանն իր ելույթում անդրադարձավ ծրագրի ընթացքին, արտադպրոցական կրթության դերի կարևորությանը, ընդգծեց ազգային արվեստի ու արհեստի տարածման ու պահպանման անհրաժետությունը` նշելով, որ համայնքներից ծրագրի վերաբերյալ ստացած արձագանքները խիստ պարտավորեցնող են:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին նաև դեռահասների ձեռքի աշխատանքները և ««Ընտանիք»-ը Ջավախքում և Շիրակի մարզում» տեսանյութը:
Միջոցառումը եզրափակվեց գեղարվեստական ելույթներով, որտեղ իրենց յուրօրինակ ու համատեղ կատարումներով հանդես եկան «Ընտանիք» կենտրոնի սաները և համայնքների շնորհաշատ դեռահասները:
Տնօրեն Ա. Մինասյանը համայնքների միջնակարգ դպրոցներին և դեռահասներին շնորհեց պատվոգրեր և մրցանակներ՝ ծրագրին և «Վարպետաց» դասերին ակտիվ մասնակցելու համար: