2015թ. դեկտեմբերի 24-ին, <<Ընտանիք>> ՄՊՍ կենտրոնի լուսավոր ու տոնին համահունչ ձևավորված դահլիճում տեղի ունեցավ <Ամանորյա իղձեր և Սուրբ Ծննդյան հրաշքներ> տոնական ցերեկույթը:
Ուրախ երգն ու պարը, բեմադրությունը թարմ շունչ ու ոգևորություն հաղորդեցին ինչպես հանդիսատեսին, այնպես էլ մասնակիցներին: Խմբավարի անհատական մոտեցումը ավելի հետաքրքիր դարձրեց անտառի գազանիկների անհաշտ խաղը: Չնահանջելու ցանկությունը՝ տարին հաջորդ կենդանուն փոխանցելու, ավելի լարված ու ջերմ մթնոլորտ ստեղծեց բեմական խաղում: Գազանիկների խորամանկությունը, ագահության անհագուրդ ծարավը, սերն ու նվիրվածությունը նպատակ ուներ վերաբերմունք ստեղծել չարի ու բարու նկատմամբ: Չարի վերացման ու բարու սերմնացանները դարձան Ամանորը ազդարարող Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Նրանք իրենց կենսուրախությամբ, բարեմաղթանքներով, երգ-ծիծաղով, նվերներով տոնական բարձր տրամադրությամբ լցրեցին շուրջբոլորը:
Իրենց հետաքրքիր համարներով հանդես եկան կենտրոնի ազգային երգ ու պարի խմբերն ու անհատ կատարողները, իսկ մարտարվեստի ու պարային խմբի ելույթի զուգորդումը մեծ ոգևորություն ու հետաքրքրություն առաջացրեց:
Ավարտին Ձմեռ պապն ու Ձյունանուշը, կենդանակերպով երեխաներն իրենց հորդորն ու պատգամն են ազդարարում ողջ աշխարհի մարդկությանը և հայցում տիրոջ բարեգթությունը, որ խաղաղվի տրեզերքն ու մարդու հոգին: Ցանկացան, որ հաջորդ՝ 2016 թվականը լինի խաղաղության, առատության, բերք ու բարիքի տարի:
Մ. Խաչատրյան