Կրթության և գիտության նախարարության Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը սեպտեմբերի 22-ից 26-ը իրականացրեց տարաբնույթ միջոցառումներ` նվիրված ՀՀ անկախության և ԼՂ Հանրապետության հռչակման 25-ամյակներին:
Ծրագրի նպատակն էր` համախմբել Արցախի, Ջավախքի դեռահասներին և հաղորդակից դարձնել ՀՀ անկախության տոնին՝ որպես հայ ժողովրդի միասնական կամքի արտահայտություն, ներկայացնել տարբեր ոլորտներում հայկական երկու անկախ պետությունների 25 տարիների ձեռքբերումները և հաղթահարած դժվարությունները պետության կայացման գործում, նպաստել մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդմանը, սերմանել միասնականության, դժվարին իրադրություններին դիմակայելու գաղափար:
Դպրոցականները ծրագրի շրջանակում մասնակցեցին բազմատեսակ միջոցառումների. ճանաչողական այցեր, սեմինար-քննարկումներ, հանդիպումներ, հանդիսավոր արարողություններ…
Դեպի Հառիճավանք կազմակերպված ճանաչողական էքսկուրսիան տպավորիչ ու հիշարժան էր դեռահասների համար: Վանական համալիրը` որպես միջնադարյան ճարտարապետության գոհար, իր վեհաշուք շինությամբ հիացրեց մասնակիցներին: Հոգևոր հաղորդակցությունը շարունակվեց Գյումրու Սբ. «Յոթ Վերք» եկեղեցում, որտեղ դպրոցականները ստացան Տեր Հովհաննես քահանա Ալեքսանդրյանի օրհնությունը և միասնական աղոթքի ձայն բարձրացրեցին առ Աստված:
Մասնակիցների հաջորդ կանգառը Հովհ. Շիրազի, Ավ. Իսահակյանի և Մ. Մկրտչյանի տուն-թանգարաններն էին: Ակնհայտ էր արցախցի ու ջավախքցի դեռահասների ոգևորությունը և հայազգի մեծերի մասին նորանոր մանրամասնություններ ու ուշագրավ փաստեր բացահայտելու ցանկությունը:
Անցկացված ‹‹Ազատ, անկախ Հայաստան›› թեմայով սեմինարը, ինտելեկտուալ խաղ-մրցույթը և Գրողների ու Երկրապահ կամավորականների միության անդամների հետ հանդիպումները, դրանց ընթացքում ծավալված բուռն քննարկումները և դեռահասների արտահայտած տեսակետները փաստեցին, որ երիտասարդ սերունդը պատրաստ է պայքարելու և պահպանելու հայրենի երկրի անկախությունը:
Արցախի և Ջավախքի դեռահասները սեպտեմբերի 24-ին մասնակցեցին նաև «Ընտանիք» կենտրոնի 25- ամյակին նվիրված «Ընտանիք 25. Պատմությունը շարունակվում է» խորագրով ծրագրի առաջին փուլին, որը հանդիսավորությամբ նշվեց կենտրոնում: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչեց պետական օրհներգը, որին հաջորդեց Հայաստանի, Արցախի և Ջավախքի դեռահասների քայլերթը` եռագույն դրոշի տեսքով: Երախտագիտության հուշակոթողի, հոբելյանական ցուցահանդեսի, վերելակի շահագործման, Հայոց այբուբենի խորաքանդակի, ‹‹Մեսրոպյան Այբուբեն›› ընթերցասրահի բացման արարողություններին մասնակցելուց հետո հյուրերը և ծրագրի մասնակիցները դահլիճում ներկա գտնվեցին պարգևների հանձնմանը և տոնական միջոցառմանը: Կենտրոնի տարբեր խմբակների սաները, Արցախի, Ջավախքի երգի ու պարի համույթները հանդես եկան գեղարվեստական համարներով:
Ազգային պատմամշակութային արժեքների ճանաչման և դրանց վերաբերյալ դեռահասների գիտելիքների հարստացման նպատակով կազմակերպվեցին նաև այցեր Հայաստանի տեսարժան ու պատմական վայրեր՝ Էջմիածին, Սարդարապատ, Ծիծեռնակաբերդ և Մատենադարան:
Մասնակիցները ծրագրի վերաբերյալ իրենց տպավորությունները և գնահատականը արտահայտեցին միասնական ջանքերով պատրաստված պաստառի վրա: Համատեղ ստեղծված աշխատանքը դարձավ հաղթանակի, հավերժության խորհրդանիշ, հավաքական ուժի, միասնականության և բարեկամության արտահայտություն, որը բնութագրում էր երկրի պատմությունն ու ներկան, մշակութային արժեքներն ու պետական խորհրդանիշերը: