«Միաբանությունը բարի գործերի մայրն է, անմիաբանությունը` չար գործերի ծնողը»
Եղիշե
Փետրվարի 27-ին ՀՀ ԿԳՆ ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց «Հավերժ է Վարդանանց ոգին, իսկ ներշնչանքը՝ հավերժացնող» խորագրով միջացառում ՝ նվիրված Դ. Դեմիրճյանի 140-ամյակին: Նպատակն էր սաների մեջ սերմանել հայրենիքն ու քրիստոնեական հավատը սրբորեն պահպանելու գաղափար, նախնիների օրինակը ծառայեցնել քաջարի ու անվախ սերունդ դաստիարակելու գործընթացին:
Միջոցառումը սկսվեց Դերենիկ Դեմիրճյանի և նրա ստեղծագործության գլուխգործոց «Վարդանանք» պատմավեպի վերաբերյալ համառոտ տեղեկությունների հաղորդմամբ: Միջոցառման մասնակիցներն առաջնորդվելով ‹‹վասն հավատո, վասն հայրենյաց›› կարգախոսով, ներկայացրին հայ ժողովրդի հոգևոր կյանքի անկախության, հավատի և խղճի ազատության համար մղած պայքարը, ազգային ինքնությանը հավատարիմ մնալու կամքը և դժվարին փորձությունների դիմակայելու պատրաստակամությունը:
Վարդանանց հերոսների կերպարները մարմնավորած սաները ներկաներին փոխանցեցին նրանց վսեմ և առաքինի շունչը, ինքնակամ ու գիտակցաբար մահվանն ընդառաջ գնալու և դրանով իսկ անմահանալու խորը գիտակցությունը: Տպավորիչ էր «Սպարապետ Վարդան Մամիկոնյանի» հորդորն իր զինվորներին, որով կոչ էր անում չերկնչել ու չվախենալ հեթանոսների բազմությունից, կռվել մինչև արյան վերջին կաթիլը և լինել միաբանված:
Կենտրոնի սաները գիտակցեցին, որ պետք է լինել Վարդանանց ոգու արժանի կրողներ, քանզի այն առհավատչյան է մեր հարատևման և հաղթանակների:
Հ. Սարգսյան
27/02/2017