You are here

‹‹Ընտանիք›› կենտրոն. Մանրանկար աշխատանքների ցուցահանդես Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում

Մայիսի 10-ին Գյումրու Ասլամազյան քույրերի տուն-թանգարանի պատկերասրահում բացվեց ՀՀ ԿԳՆ ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանրանկարչության խմբակի  սաների աշխատանքների ցուցահանդես: Ցուցադրումը կշարունակվի  մինչև մայիսի 14-ը:
 ‹‹Ասլամազյան քույրեր›› խորագրով ծրագրի նպատակն էր սաներին ծանոթացնել «Ասլամազյան քույրեր» թանգարանի նմուշներին, ներկայացնել գյումրեցի նկարչուհիների ազդեցությունը քաղաքի հոգևոր և մշակութային կյանքի վրա, նպաստել մշակութային կյանքի աշխուժացմանը, խթանել համագործակցությունը մշակութային օջախների հետ:
Մինչ ցուցահանդեսի բացումը սաները շրջեցին թանգարանում՝ բացահայտելով գյումրեցի նկարչուհիների կյանքի և ստեղծագործական ուղու վերաբերյալ մանրամասնություններ: Նրանք ծանոթացան Մարիամ  և Երանուհի Ասլամազյանների գեղանկարչական, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքներին:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վ. Վարդանյանը, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Ա. Մկրտչյանը, Շիրակի թեմի ՔԴԿ-ի տնօրեն Տեր Նշան քահանա Պանֆյորովը, Ասլամազյան քույրերի տուն-թանգարանի տնօրեն Վ. Ղուկասյանը, արվեստագետներ, ծնողներ, սաներ: Թանգարանի տնօրենը շնորհակալություն հայտնեց  ‹‹Ընտանիք›› կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանին և մանրանկարչության խմբակի ղեկավար Վարդևար Շամամյանին՝ համագործակցության և մատաղ սերնդի մոտ հայկական մշակութային արժեքների պահպանմանը նպաստելու, դրանց կրողները և շարունակողները լինելու ձգտում ձևավորելու համար:
Այնուհետև ներկաները դիտեցին կենտրոնի 10-18 տարեկան սաների շուրջ 25 մանրանկար աշխատանքները, որոնցում արտացոլված էր Ասլամազյան քույրերի  ստեղծագործություններին բնորոշ գունային երանգներ: Հյուրերը բարձր գնահատեցին սաների ստեղծագործ մտքի արդյունքը և կատարողական հմտությունները: Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչները լավագույն աշխատանքների հեղինակներին  հանձնեցին  պատվոգրեր: 
 
Հ. Սարգսյան
 
 
 
 
 
 
     
12/05/2017