Աշխարհում կա ամենից սքանչելի մի էակ,
որին մշտապես պարտք ենք: Դա ՄԱՅՐՆ է:
Ն. Օստրովսկի
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ապրիլի 7-ին անցկացվեց մայրության և գեղեցկության տոնին նվիրված հերթական միջոցառումը` «Կյանքի ծաղիկը» խորագրով:
Միջոցառման նպատակն էր սերմանել հարգանք և պատասխանատվության զգացում մայրերի նկատմամբ, կարևորել կնոջ դերը հասարակության մեջ:
Կենտրոնի սաներն իրենց բեմական ու գունագեղ հագուստներով ներկաներին պարգևեցին գարնանային ջերմություն և բարձր տրամադրություն: Օրվա խորհրդին համահունչ միջոցառման մասնակիցներն իրենց բանաստեղծություններով, երգ ու պարով գովերգեցին և շնորհավորեցին հայ կանանց և աղջիկներին: Սաները մեծարման և երախտագիտության խոսքեր ուղղեցին նաև բոլոր այն նվիրյալ մայրերին, ովքեր իրենց մեջ ամբարելով դարերի ուժը, ծնում են նոր հերոսներ:
Նշենք, որ մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում կենտրոնում մարտի 24-ին անցկացվեց «Նայենք աշխարհին պայծառ աչքերով» ցուցահանդես և մարտի 31-ին` «Գեղեցիկը կփրկի աշխարհը» խորագրով գեղարվեստական միջոցառում: Միջոցառումների շարքը եզրափակվեց ապրիլի 14-ին կենտրոնում կազմակերպված «Ավետում» խորագրով ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին «Ընտանիք» կենտրոնի մանրանկարչության խմբակի սաների աշխատանքները:
Ցուցահանդեսին ներկա էին Գյումրու Ասլամազյան քույրերի տուն-թանգարանի տնօրեն Վ. Ղուկասյանը, Տեր Հակոբ քահանա Գրիգորյանը, դասախոսներ, ծնողներ և սաներ:
Մինչ ցուցահանդեսի բացումը քահանան իր օրհնությունը տվեց բոլոր մասնակիցներին և ներկայացրեց Սբ. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի խորհուրդը: Այնուհետև ներկաները դիտեցին սաների մանրանկար ստեղծագործությունները, որոնք ստեղծվել էին 12-14-րդ դարերի հայ միջնադարյան մանրանկարիչների աշխատանքների հիման վրա:
Միջոցառման ավարտին Տեր Հակոբ քահանան կատարեց տնօրհնեքի արարողության կարգ, հորդորեց լինել Աստվածամոր նման գթասիրտ ու բարեխնամ, առաջնորդվել Քրիստոսի լույսով, աստվածային սիրով, անսահման բարությամբ և խոնարհությամբ:
Հ. Սարգսյան
17/04/2017