You are here

Անաղարտ պահենք մեր մայրենին  խորագրով բաց դաս – միջոցառում

 
                        Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների                         ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:   
                                                                              Հ. Թումանյան 
            
ՀՀ ԿԳՆ   « Ընտանիք » մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մայիսի 26-ին տեղի ունեցավ  «Անաղարտ պահենք մեր մայրենին»  խորագրով բաց դաս – միջոցառում, որը նվիրված էր մայրենի լեզվի միջազգային օրվան: Բաց դաս –միջոցառման նպատակն էր ներկայացնել մայրենի լեզվի դերը ազգապահպանման գործում, դեռահասների մեջ դաստիարակել հայրենասիրության, ազգասիրության որակներ, նրանց մեջ զարգացնել ոսկեղենիկ հայերենով հաղորդակցվելու, մայրենի լեզվի գեղեցկությունն ու սահունությունը պահպանելու ձգտում, ներշնչել օտար լեզու սովորելու, բայց մայրենին անաղարտ պահելու գաղափար: Միջոցառմանը ներկա էին մանկավարժներ, հյուրեր, ծնողներ և կենտրոնի այլ խմբակի սաներ:
Միջոցառումը սկսվեց Խ. Աբովյանի` «Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, հայոց նորահաս երիտասայք, ձե՛ր անունին մեռնիմ, ձե՛ր հոգուն ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձե՛ր լեզուն, ձե՛ր հավատը ղայիմ բռնեցեք» հայտնի տողերով, որը յուրօրինակ պատգամ էր մատաղ սերնդին: 
Անգլերեն լեզվի խմբակի սաները համառոտ կերպով ներկայացրեցին հայոց լեզվի զարգացման պատմությունը և հպարտությամբ խոսեցին պերճաշուք հայերենի մասին, որ ժառանգել են մեր մեծերից: Սահիկահանդեսի զուգակցությամբ և գեղեցիկ համադրմամբ սաները ներկայացրեցին նաև հայ և օտարազգի հայտնի մարդկանց արտահայտած մտքերը հայոց լեզվի մասին: Սաների խոսքը լի էր մայրենին                           «անաղարտ ու մաքուր»  պահելու կոչերով ու պատգամներով, քանզի, ինչպես հայրենիքը, լեզուն ևս կարիք ունի ամենօրյա պաշտպանության:
 Միջոցառման ընթացքում ազգագրական երգ ու պարի խմբակի սաները, իրենց հուզիչ և անկեղծ կատարմամբ, հանդիսատեսին մատուցեցին «Մեսրոպաշունչ հայոց տառեր» երգը: Իսկ հայրենաշունչ պարային բեմադրությունը հայրենասիրական և ազգագրական ոգով տոգորեց բոլոր ներկաներին, մեկ անգամ ևս ապացուցելով, որ հայի ուժը իր միասնության և համախմբվածության մեջ է: 
Հայ լեզուն ավադվել է մեզ դարերի խորքից և, որպես ամրակուռ վահան, իր վրա է կրել ոսոխի բազմաթիվ հարվածները, բայց մնացել է անսասան: Թշնամու յաթաղանի ու հրի դեմ մեր լեզուն մագաղաթ ու մատյան է դարձել… Ու հայ ազգն այսօր հայ է մնացել միայն իր հավատքի ու հայոց լեզվի շնորհիվ…  
 
Հ. Սահակյան
     
 
27/05/2017