You are here

«Ընտանիք» կենտրոն. Ամանորյա և Սուրբ ծննդյան միջոցառումներ

Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում դեկտեմբերի 25-ից 28-ը անցկացվեցին Ամանորյա և Սուրբ ծննդյան  տոնական միջոցառումներ:
Ծրագրի նպատակն էր սաներին հաղորդակից դարձնել  տոների խորհրդին, դեռահասների  մոտ ամրապնդել «Բարին միշտ հաղթում է չարին» գաղափարը և զարգացնել սաների ստեղծագործական միտքը: Տոնական մթնոլորտն ու ամանորյա տրամադրությունը  համախմբել էր կենտրոնի սաներին,  հարակից կրթական հաստատությունների փոքրիկներին, ծնողներին և մանկավարժներին: 
Նախատոնական միջոցառումները մեկնարկվեցին «Ամանորն անտառում» խորագրով ուրախ հանդեսով: Փոքրիկներն իրենց ելույթներով զարմացրին ներկաներին. բոլորը հայտնվել էին «կախարդական անտառում», որտեղ նույնպես ամանորյա աշխույժ մթնոլորտ էր տիրում:         5-ից 9-ը տարեկան սաների բեմական խաղը հետաքրքիր էր ու գրավիչ: Իսկ թատերական արվեստի խմբակի սաները հեքիաթի հերոսների ու անտառի կենդանիների կերպարների միջոցով ներկայացրեցին  չարի ու բարու  հավերժական  պայքարը: Ինչպես բոլոր հեքիաթներում, անամորյա հեքիաթում ևս հաղթեց ամենակարող բարին:
Տոնական աշխուժությունը շարունակում էր թևածել կենտրոնում: Բարության և Սուրբ ծննդյան խորհուրդն էր կրում «Ամանոր և Սուրբ ծնունդ» խորագրով միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեց Քրիստոսի ծննդյան փրկչական նշանակությունը, մեկնաբանվեց տոնին բնորոշ հայկական ավանդույթներն ու սովորույթները:   
Միջոցառումների շարքը եզրափակվեց դիմակահանդեսով, որին մասնակից դարձան կենտրոնի 14-18 տարեկան պատանիները: Սաները ներկայացան պարային բեմադրություններով, թեմատիկ երգերով, զվարճալի խաղերով և մրցութային համարներով:
Ինչպես միշտ ամենասպասվածն ու ցանկալին Ձմեռ պապն ու Ձյունանուշն էին: Երեխաների ամենասիրելի հերոսները նվերներ բաժանեցին և բարեմաղթանքներ հղեցին ներկաներին` մաղթելով, որ գալիք 2018 թվականը  բոլորի համար լինի հաջողակ ու խոստումնալից՝ լի նոր հույսերով ու սպասումներով:
Հ. Սարգսյան
      
29/12/2017