You are here

«Ընտանիք» կենտրոն. «Սասնա Ծռեր» և «Բեոուլֆ» էպոսների ֆիլմերի դիտում և խաղ-վիկտորինա

Մարտի 20-ից 23-ը կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան  ստեղծագործական կենտրոնում անցկացվեցին «Սասնա Ծռեր» և «Բեոուլֆ» էպոսների ֆիլմերի դիտումներ և խաղ-վիկտորինա՝  կենտրոնի անգլիախոս սաների մասնակցությամբ: 
Միջոցառման նպատակն էր դեռահասների մեջ սերմանել հայրենասիրական և  դյուցազներգական գաղափարներ, անդրադառնալ ազգային ակունքներին, արժևորել ժողովուրդների էպիկական ժառանգությունը և դեռահասների մեջ զարգացնել թիմային մտածելակերպ:  
Երեք օրերի ընթացքում սաները դիտեցին հայկական և անգլիական էպոսների հիման վրա նկարահանված ֆիլմերը և ակտիվ մասնակցեցին խմբային քննարկումներին: Մասնակիցները կատարեցին վերլուծություններ էպոսների պատումների գեղարվեստական հատկանիշների, ազգային էթնոսների ծագման և զարգացման պատմությունների վերաբերյալ՝ հետաքրքրիր զուգահեռներ անցկացնելով դրանց միջև: Ծավալված քննարկումները միտված էին նաև վեր հանելու և ընդգծելու երկու ժողովուրդների մշակութային, ինքնաճանաչողական և ազատասիրական ոգին, կերպարների հերոսական, մարդասիրական և  խաղաղասիրական բնութագրումները:
Ֆիլմերի դիտումների արդյունքներն ամփոփվեցին «Դյուցազներգություն» խորագրով խաղ-վիկտորինայի միջոցով: Հաղթող թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով և մրցանակներով:  
Նմանօրինակ միջոցառումները յուրօրինակ առիթ են հանդիսանում միջմշակութային երկխոսության ստեղծման համար և նպաստում լեզվամտածողության զարգացմանը:
 
Զ. Հովհաննիսյան
                                                                                         
       
26/03/2018