Հունիսմեկյան ամենալուսավոր տոներից մեկի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակում «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի սաները գունեղ միջոցառում անցկացրեցին։ Վաղվա օրվա կրողներն ու հայրենիքի ապագան կերտողները՝ կենտրոնի կիրառական արվեստի և գեղարվեստական խմբակների սաներն իրենց ելույթներով , զրնգուն ու անհոգ ծիծաղով առավել պայծառ տրամադրություն հաղորդեցին միջոցառման հյուրերին, իրենց հասակակիցներին։ Սաների կատարումներով օրը լցվեց անսպառ ուրախությամբ, երգ ու խնդությամբ, ամենաթաքուն երազանքների ու հրաշքների իրականացմամբ: Մարտական արվեստի ցուցադրական ելույթը, կիրառական արվեստի խմբակների աչք շոյող աշխատանքներն հաճելիորեն հետաքրքրեցին ներկաներին, իսկ տոնի փոքրիկ հերոսներն իրենց մտքի վառ երևակայությունները փոխանցեցին կավճանկարչության, նկարչական ֆլեշմոբի միջոցով։ ‹‹Խաղաղությունը ժպիտից է սկսվում›› ՝ սաներն այս ուղերձն հղեցին նաև Արցախ աշխարհի փոքրիկներին, մաղթելով նրանց ևս ապրել խաղաղ ու զարգացող հայրենիքում, լինել առողջ ու երջանիկ՝ շրջապատված անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ։ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի անձնակազմն ևս մեկ անգամ շնորհավորում է տոնի առթիվ` անհոգ և երջանիկ մանկություն մաղթելով փոքրիկներին․ «Թող մեր երեխաների հոգիներում հարատևի մաքրությունը, աչքերում՝ լույսը, իսկ դեմքին՝ ժպիտը: Բոլորի ընտանիքներում թող իշխեն սերն ու համերաշխությունը, իսկ խաղաղությունը թող ուղեկից լինի ամենքին»:
01/06/2023