Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան և ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Մայրության և գեղեցկության տոնի, գարնան վերազարթոնքի առիթով համատեղ նախաձեռնել են մի շարք միջոցառումներ: Պարմանուհիների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսով մեկնարկվեց կանանց միամսյակին նվիրված միջոցառումների շարքը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին գործնական այցով Գյումրի ժամանած ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հ. Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Ս. Ավետիսյանը, Ռ. Մուրադյանը, ՀՀ Շիրակի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ս. Մինասյանը, ՀՀԿ կանաց խորհրդի անդամներ և այլ մշակութային օջախների ու կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսին ներկայացված էին կենտրոնի սաների և ուսանողների բազմաժանր աշխատանքներ՝ բնապատկերներ, նատյուրմորտներ, դեկորատիվ և կիրառական արվեստի ստեղծագործություններ, ինչպես նաև` կանացի բազմապիսի զարդեր ու ինքնատիպ ակսեսուարներ: Ցուցահանդեսը յուրօրինակ միջոց էր արժևորելու, գնահատելու և մեծարելու հայուհու դերն ու առաքելությունը հասարակության մեջ:
Հյուրերը մասնակից դարձան նաև սաների գործնական աշխատանքների կատարմանը՝ առանձնակի հետաքրքրություն ցուցաբերելով գորգագործության, հագուստի մոդելավորման, ուլունքագործության, արծաթագործության, ռոբոտաշինության, նկարչության և խեցեգործության պարապմունքներին:
Ազգային ժողովի փոխնախագահ Հ. Նաղդալյանը, հիացած կենտրոնի և ուսումնարանի գործունեությամբ, շնորհակալություն հայտնեց տնօրինությանը և աշխատակիցներին՝ տարիներ շարունակ դեռահասների կրթությամբ և դաստիարակությամբ զբաղվելու, նրանց ամենօրյա զբաղվածությունն ապահովելու համա:
<Շատ երիտասարդ աղջիկներ և տղաներ այստեղ ձեռք են բերում այնպիսի մասնագիտություններ և հմտություններ, որոնք կյանքում անկասկած իրենց պետք կգան՝ որպես ապագա մայրեր և ընտանիքի հիմնասյուներ: Հագուստի մոդելավորման խմբակի սաների նախագծած մոդելները և ցուցադրած հագուստներն արժանի են բարձր գնահատականի: Շատ լավ կլինի, որ մեզանից յուրաքանչյուրը փորձի այս աղջիկների համար պատվեր ապահովել՝ խրախոսելով նրանց աշխատանքը, ինչը կլինի երկուստեք օգտակար գործընթաց: Հրաշալի կլինի, եթե Հայաստանի բոլոր քաղաքներում և շրջաններում ունենանք նմանօրինակ հաստատություններ և իրենց գործին նվիրյալ անձինք>,- նշեց կառավարության ներկայացուցիչը:
Գործարար կանանց հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը իր խոսքում նշեց. <Մենք հիացած ենք այս կենտրոնով, որտեղ 1600 երեխաներ կարողանում են իրենց զբաղմունքը գտնել մասնագիտական տարբեր խմբերում: Սա իսկապես ողջունելի է Գյումրվա համար, որովհետև գյումրեցին միշտ եղել է ստեղծագործող և առանձնացել է Հայաստանի այլ տարածաշրջանններից իր ստեղծագործ լինելով>: