Պետության անվտանգության և անկախության պահպանման կարևորագույն երաշխիքներից մեկը մարտունակ բանակի առկայությունն է:
Դեռահասների ռազմահայրենասիրական և բարոյամարտական ոգին բարձրացնելու, բանակի կարևորությունն ու դերն ամուր և հզոր հայրենիք կերտելու գործում ընդգծելու նպատակին էր միտված մարտի 25-ին ‹‹Ընտանիք›› կենտրոնում անցկացված ‹‹Մեր անունն է հայկական բանակ›› խորագրով միջոցառումը:
Միջոցառումը սկսվեց ‹‹հավսար-զգաստ›› հրահանգով: ՀՀ օրհներգի հնչյունների ներքո բեմ բերվեց պետական խորհրդանիշերը՝ եռագույնը և զինանշանը: Սաները հայրենիքին նվիրված բանաստեղծությունների և երգերի միջոցով շնորհավորեցին Հայոց բանակի կազմավորումը և հայ զինվորին: Ցուցադրված բեմականացման միջոցով ներկայացվեց փոքրիկ տղայի կերպար, ով ուզում էր դառնալ հոր նման զինվոր և հերոս՝ հայրենիքը պաշտպանելու համար:
Ցերեկույթի ընթացքում հնչեցին նաև բազմաթիվ ռազմահայրենասիրական երգեր, որոնք ևս մեկ անգամ ընդգծեցին հայի անկոտրում ոգով մաքառող տեսակ լինելը: Մասնակիցները ոգեշունչ ու ռազմատենչ կատարումներով հանդիսատեսին փոխանցեցին իրենց հաղթական, համառ ու անպարտ ոգին:
Սաների ելույթը եզրափակվեց ‹‹Բերդ›› պարով, որի միջոցով կենտրոնի պարարվեստի խմբակը ցույց տվեց հայ զինվորի բազկի ուժը, չնահանջելու և դժվարին իրադրություններում դիմակայելու կամքը:
Միջոցառմանը ներկա հյուրերը շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումներն են, որ ամրապնդում են երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությունը և ձևավորում՝ զինվորի կերպարի վերաբերյալ պատկերացումներ, ովքեր, մոռանալով վտանգն ու վախը, իրենց ուսերի վրա արժանապատվորեն կրում են ազգի ապահովության պատասխանատու և դժվարին բեռը:
Այո՛, հայրենասեր և ազգային արժեքներով դաստիարակված սերնդի կրթությունը յուրաքանչյուրիս խնդիրն է:
Հ. Սարգսյան