You are here

ՅՈՒՆԵՍԿՕ. 71-ամյակ

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական  կենտրոնում  մայիսի 25-ին տեղի ունեցավ «ՅՈՒՆԵՍԿՕ. 71-ամյակ» խորագրով մրջոցառում, որի նպատակն էր` կարևորել գեղարվեստական կրթության դերն ու նշանակությունը, դեռահասներին ծանոթացնել համաշխարհային մշակութային ցանկում ընդգրկված հայկական արժեքներին, նպաստել պատանիների մշակութային, գեղագիտական, հայրենասիրական դաստիարակությանը և բազմակողմանի զարգացմանը: 
Մասնակիցները ներկայացրեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական  ոչ նյութական մշակութային արժեքներից չորսը՝ «Լավաշ ավանդական հացի պատրաստումը», «Դուդուկն ու իր երաժշտությունը», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը», «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը: Լավաշի մասին հետաքրքիր  ավանդազրույցներ լսելուց հետո երեխաները դիտեցին ‹‹Կախարդական լավաշը›› մուլտֆիլմը: Այնուհետև դուդուկի խմբակի սաները ներկայացրեցին  ծիրանափողը՝ որպես հնագույն գործիք: Նրանց կատարմամբ հնչեցին ժողովրդական երգեր, որից հետո ցուցադրվեց հայ դուդուկի երախտավորների  մասին տեսաֆիլմ: Հայկական խաչքարագործության գաղտնիքները,  պատմությունը և պատրաստված խաչերը ներկայացրեցին փայտարվեստի խմբակի սաները: ‹‹Խաչքարագործը›› տեսաֆիլմը մեծ հետաքրքրություն առաջացրեց սաների մոտ: Էպոսի ամփոփ նկարագիրը և ‹‹Սասունցի Դավիթ›› մուլտֆիլմի դիտումն առանձնահատուկ շունչ հաղորդեց ներկաներին:
Միջոցառումը բազմաբնույթ լինելով հանդերձ` իր առանցքում կարմիր գծով տարավ  մի ժողովրդի պատմություն, որում ամփոփված ստեղծագործ միտքն անսպառ է:
 
Մ. Խաչատրյան