Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը ԿԳՆ Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ռոբոտաշինության խմբակի սաները Yerevan Expo կենտրոնում մասնակցեցին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության կողմից կազմակերպված ամենամյա <Դիջիթեք էքսպո 2016> ցուցահանդեսին:
Կենտրոնի սաները ցուցահանդեսին ներկայացել էին տարատեսակ սարքերով՝ արեգակնային էներգիայի համակարգերի կարգավորիչ, ական փնտրող ռոբոտ, հաճախությունների գեներատոր, տագնապային ազդանշանային համակարգ, նավ և այլն:
Միջոցառման նպատակն էր՝ ստեղծել տեղեկատվական ոլորտի ընկերությունների, սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր, ծանոթանալ հայաստանյան տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների դաշտի իրական պատկերին, ձեռքբերումներին ու հեռանկարներին:
Ի հիշեցում, նշենք, որ վերջերս նույն կետրոնում կայացած ‹‹Ական փնտրող ռոբոտներ›› հանրապետական մրցույթում <Ընտանիք> կենտրոնի սաների պատրաստած ռոբոտը զբաղեցրեց պատվավոր 2-րդ տեղը: Սարքը հետաքրքրել էր Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին:
Կենտրոնի սաների ստեղծած աշխատանքները արժանացան նաև Yerevan Expo այցելած հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրությանը: Երկրի ղեկավարը՝ մոտենալով տաղավարին, զրուցեց սաների հետ, հարցեր ուղղեց ռոբոտների կիրառության և օգտակարության վերաբերյալ: Ռոբոտաշինության խմբակի սաները նախագահին ներկայացրեցին իրենց աշխատանքները՝ նշելով, որ որ ամեն ինչ ստեղծել են զրոյից, աշխատում են նոր ծրագրերի ու համակարգերի ստեղծման ուղղությամբ և փորձում են կատարելագործել արդեն պատրաստի ռոբոտները: Նախագահ Ս. Սարգսյանը կենտրոնի սաներին հորդորեց լիարժեք օգտագործել իրենց ներուժը այս ոլորտում և նպաստել երկրի ռազմաարդյունաբերության զարգացմանը:
Հարկ է նշել, որ ռոբոտաշինության ոլորտում <Ընտանիք> կենտրոնի սաների ձեռքբերումներին անդրադարձել է նաև անգլիական հայտնի «The Guardian» ամսագիրը:
Հ. Սարգսյան