You are here

‹‹Բանակը մեր բերդ-ամրոցն է›› խորագրով միջոցառման մեկնարկ ‹‹Ընտանիք›› կենտրոնում

Բանակն ազգի ինքնա ճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը եւ հայացքը ապագային: 
                                                                                                                                                                                                                                      Վազգեն Սարգսյան 
 
ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում փետրվարի 2-ին մեկնարկվեց ‹‹Բանակը մեր բերդ-ամրոցն է›› խորագրով միջոցառումների շարքը՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: 
Միջոցառումը միտված էր հայրենի երկրի պաշտպանության և անկախության գաղափարի ամրապնդմանը, դեռահասների ռազմահայրենասիրական և հերոսական ոգու բարձրացմանը: 
Ցերեկույթը սկսվեց զինվորական քայլերթով, ներս բերվեց ՀՀ պետական դրոշը և հնչեց օրհներգը: 
Հզոր ու մարտունակ հայկական բանակի հոբելյանական տարելիցի առթիվ հնչեցին բազմաթիվ շնորհավորանքներ, ներկայացվեց բանակաշինության դերն ու կարևորությունը՝ որպես մեր հաղթանակների ու վերածննդի, անվտանգության ու հաջողությունների անվիճելի գրավական։
Միջոցառման ընթացքում սաները հանդես եկան ոգեշունչ պարերի, հայրենասիրական երգերի կատարումներով:
«Բանակում ծառայելը մեծ պարտք է, իսկ հայոց հաղթանակած բանակում ծառայելը` պատասխանատվություն ու պատիվ».-ահա այս պատրաստակամ մղումով հայրենիքի պաշտպանության սուրբ գործը շարունակող ապագա զինվոր-սաները  խոստացան հետևել հերոս մարտիկների օրինակին՝ աննահանջ պայքարել ազգի ու հայրենի սահմանների խաղաղության և ապահովության համար:
Միջոցառումը եզրափակվեց կենտրոնի պարարվեստի և ազգագրական երգ ու պարի խմբակների սաների «Հայրեններ›› համատեղ ելութով: Ներկաների վրա տպավորիչ ազդեցություն թողեց  երգի կատարման ներքո ցուցադրված գեղեցիկ պարային բեմադրությունը, որն արտահայտում էր հայի հերոսական ու անպարտելի ոգու, հավատքի զորության, հայոց սրբազան գրերի անքակտելի կապը՝ որպես ազգապահպանման կարևորագույն գործոն:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև միջոցառումներ իրականացնել N զորամասում, Շիրակի մարզի Աշոցք ու Երազգավորս գյուղական համայնքներում: 
Շնորհավո´ր տոնդ Հայոց հաղթանակած բանակ և բարի ծառայություն քեզ հա´յ զինվոր, բազկիդ զորություն, թող աննկուն լինի քո կամքը, անսպառ՝ խիզախությունդ: