You are here

«Ընտանիք» կենտրոնի այցը Ջավախք

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի շրջանակում հունիսի 10-ից 12-ը Վրաստանի Հանրապետության Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի հայ երիտասարդական կրթամշակութային կենտրոններում անցկացրեց մասնագիտական կողմնորոշման դասընթացներ:  Այցի նպատակն էր նպաստել ազգային արհեստի ու արվեստի տարածմանն ու պահպանմանը, ամրապնդել համագործակցությունը Ջավախքի կրթամշակութային հաստատությունների հետ, սաներին ծանոթացնել  պատմամշակութային արժեքներին։
Մեծ էր Ջավախքի կրթամշակութային կենտրոնների սաների ոգևորությունը. նրանք մեծ սիրով մասնակցեցին մասնագիտական դասերին,  փոխանակվեցին գիտելիքներով և փորձով: Ստեղծվեց ջերմ, ընկերական մթնոլորտ գյումրեցի և ջավախքցի դեռահասների միջև: Դասընթացների ավարտին կենտրոնների սաները ցուցադրեցին  իրենց ստեղծագործական աշխատանքները, իսկ համատեղ ստեղծած պաստառը դարձավ Գյումրի-Ջավախք ամուր կապն արտահայտող խորհրդանիշ։
«Ընտանիք» կենտրոնի տնօրենի տեղակալ Սվետլանա Պետրոսյանը շնորհակալական խոսքեր ուղղեց Վրաստանի Հայ Օգնության Միության վարչության ատենապետուհի Կարինե Թադևոսյանին՝ Ջավախքում կատարած հայրենանվեր գործունեություն համար, ապա կրթամշակութային կենտրոնների տնօրեններին հանձնեց պատվոգրեր և հուշանվերներ՝ Գյումրի-Ջավախք կրթամշակութային համագործակցության խթանման և հայապահպանման գործընթացին նպաստելու համար։ Մասնագիտական կողմնորոշման դասերի ակտիվ մասնակիցները ևս պարգևատրվեցին պատվոգրերով:
«Յուրաքանչյուր ազգ պետք է իմանա իր սեփական ժողովրդի պատմությունը և կարողանա պահպանել ազգային հին արհեստն ու արվեստը։ Ցավոք սրտի, Ջավախքում դժվար է պահպանել մեր ազգային կոլորիտը, ուստի նմանատիպ միջոցառումներն ունեն իրենց նշանակությունը և դրական ազդեցությունը ջավախահայ երիտասարդների վրա»,- նշեց Ախալքալաքի հայ երիտասրդական  կենտրոնի սան Ալբերտ Ալեքյանը:
Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի հայ երիտասարդական կրթամշակութային կենտրոնների տնօրենները կարևորեցին նմանատիպ կրթական ծրագրի իրականացումը Ջավախքում, որոնք ազդակ կհանդիսանան ազգային նկարագրի կերտման և պահպանման գործում։ 
Եռօրյա այցի ընթացքում կենտրոնի մանկավարժներն ու սաներն եղան նաև Ջավախքի պատմամշակութային վայրեր՝ Ախալցխայի Ռաբաթ և Ախալքալաքի բերդեր,  Ջիվանու  տուն-թանգարան: 
«Ընտանիք» կենտրոնի պարարվեստի և երգի խմբակների սաները գեղարվեստական ելույթներով հանդես եկան կրթամշակութային հաստատություններում, իսկ  Ջիվանու  տուն-թանգարանում  Տարոն Ղազարյանը աշուղ Ջիվանու ստեղծագործությունների կատարմամբ հիացրեց աշխատակազմին և այցելուներին։
 
 
Ս. Պետրոսյան
                  
13/06/2017