You are here

«Ընտանիք կենտրոն». «Ժան դը լա Ֆոնտենի առակները» խորագրով բաց դաս

 ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մեսրոպյան այբուբեն» ընթերցասրահում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ «Ժան դը լա Ֆոնտենի առակները» խորագրով բաց դաս: Դասի նպատակն էր ձևավորել սեր և հետաքրքրություն դեպի ֆրանսիական գրականությունը, կարևորել առակների ուսուցողական ու դաստիարակչական դերը դեռահասների կրթման և դաստիարակման գործընթացում, ներկայացնել սաների ձեռք բերած գիտելիքները ֆրանսերեն լեզվից:
Միջոցառմանը ներկա էին Շիրակի պետական համալսարանի դասախոսներ, KASA շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ներկայացուցիչներ, ինչպես նաև մանկավարժներ, ծնողներ և սաներ:
Բաց դասը սկսվեց Ժան դը լա Ֆոնտենի մասին հակիրճ տեղեկատվության հաղորդմամբ, որին հաջորդեց 5 առակների ներկայացումը: Յուրաքանչյուր առակին համապատասխան ցուցադրվեց նաև անիմացիոն մուլտֆիլմ:
Բաց դասի ավարտին մասնակից սաների կողմից հանդիսատեսին բաժանվեցին  թերթիկների վրա տպագրված ֆրանսիացի հռչակավոր առակագրի բարոյախոսական խրատները, իսկ գեղանկարչության խմբակի սան Վահրամ Համբարյանը ներկայացրեց դասի ընթացքում նկարած Ժան դը լա Ֆոնտենի ծաղրանկարը: Այն ներկաների կողմից արժանացավ հիացմունքի և բարձր գնահատականի: Ընթերցասրահում տիրում էր ֆոնտենյան շունչ և ֆրանսիական տրամադրություն:
Շիրակի պետական համալսարանի դասախոս Գայանե Գալստյանն իր կարծիքն ու գնահատականը հայտնեց դաց դասի կազմակերպման և սաների պատրաստվածության վերաբերյալ. «Հիացած եմ սաների ֆրանսերեն լեզվի գիտելիքների խորը իմացությամբ: Խոստովանում եմ, որ ուսանողներից քչերը գիտեն ֆրանսերենով առակներ: Սաներն արժանի են միայն գովեստի խոսքերի: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում «Ընտանիք» կենտրոնի տնօրինությանը հրավերի և նմանատիպ ուսուցողական միջոցառումներ կազմակերպելու համար»: 
Նշենք նաև, որ ֆրանսերենի խմբակի սաները հրավեր ստացան մասնակցելու առաջիկայում Շիրակի պետական համալսարանում կայանալիք «Երջանկության բաղադրատոմսը» թեմայի  քննարկմանը:
 
Վ. Նահապետյան
          
26/10/2017