Ջաջուռ գյուղի մոտակայքում գտնվող Հերհերի ձորում խոյացող հուշակոթողը շրջակա համայնքների համար վաղուց դարձել է ուխտատեղի։ Ապրիլի 24-ին ԿԳՆ «Ընտանիք» կենտրոնի տնօրինությունը, մանկավարժական հանրույթը և սաներն այցելեցին Հերհերի ձոր՝ հարգանքի տուրք մատուցելու Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Նրանք ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի նահատակների հիշատակին կառուցված հուշակոթողին և աղոթք բարձրացրին առ Աստված՝ անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:
Կենտրոնի խմբավար Ա.Մկրտչյանը սաներին ներկայացրեց Ջարդի ձորում Oսմանյան Թուրքիայի կատարած եղեռնագործությունը։ Նա փաստեց, որ ըստ պատմական վկայությունների` 1918-21 թվականներին Հերհերի ձորի տարածքում նահատակվել է ավելի քան 12 հազար բնակիչ։ Քեմալական Թուրքիան, գրավելով Շիրակի և Փամբակի շրջանները, հենց այս ձորում է իրականացրել 50 գյուղերի կանաց ու երեխաների սպանությունը։ Նրանց բերել են այս ձորը՝ աչքից հեռու և գնդակահարել:
Սաները տպավորված էին և հուզված։
Իսկ ռադիոկապի խմբակի սաները «Ընտանիք» կենտրոնում օրվա ընթացքում EK1915XX ազդականչով կապ հաստատելով աշխարհի շատ երկրների ռադիոսիրողների հետ/Ռուսաստան, Իտալիա, Բուլղարիա, Իզրայել, Արաբական Էմիրություններ և այլն/՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով ևս մեկ անգամ իրազեկեցին 1915 թվականին հայերի հանդեպ Թուրքիայի իրագործած ոճիրը և հայտարարեցին. «Մենք հիշում ենք ցեղասպանությունը և պահանջում»: Դեռահասները կոչ արեցին իրենց հասակակիցներին արդարության և խաղաղության ձգտող հայի միասնական ոգուն ու կամքին սատար լինել և չվարանել երբեք:
Ա. Մկրտչյան
25/04/2018