Մայիսի 14-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ամփոփվեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագիրը:
Այս տարի ծրագրում ընդգրկվեցին Շիրակի մարզի բարձրադիր, հեռավոր և սահմանամերձ գյուղական՝ Ձորաշեն, Մուսայելյան, Անիպեմզա, Անի կայարան, Լեռնակերտ, Պեմզաշեն, Զորակերտ, Ամասիան, Բանդիվան, համայնքները, ինչպես նաև Գյումրու թիվ 8, 23, 31 հանրակրթական դպրոցները:
Ծրագրի նպատակն էր գյուղական համայնքներում բացահայտել արհեստի և արվեստի ոլորտում նախընտրելի մասնագիտությունները, նպաստել ազգային արհեստների և արվեստի, տարածմանն ու պահպանմանը, ուղղորդել դեռահասներին մասնագիտական կողմնորոշման հարցում և նպաստել նրանց կարողությունների բացահայտմանը, կարևորել արտադպրոցական կրթության դերը:
Կրթական ծրագրի 1-ին փուլում ապրիլի 15-ից մայիսի 7-ը վերանշյալ համայնքների մանկավարժների համար անցկացվեցին արտադպրոցական կրթության վերաբերյալ դասընթացներ, իսկ դեռահասների համար «Մասնագիտական կողմնորոշման» դասեր: Դասերը կազմակերպվեցին դեռահասների նախասիրություններին և հետաքրքրություններին համապատասխան տարբեր մասնագիտություններով`գեղանկարչություն, ուլունքագործություն, խեցեգործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, գոբելենագործություն, բատիկա, վիտրաժային նկարչություն, փայտարվեստ, ռադիոէլեկտրոնիկա, մարտական արվեստ, պարարվեստ: Դասընթացներին մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ մասնակցեցին դպրոցահասակները:
Եզրափակիչ միջոցառմանը ներկա էին «Ընտանիք» կենտրոնի տնօրինությունը, մանկավարժական հանրույթը, ծրագրին մասնակից համայնքների միջնակարգ դպրոցների տնօրեններ, ներկայացուցիչներ, մանկավարժներ, դեռահասներ, ինչպես նաև ծնողներ և սաներ: Ներկաները դիտեցին «Մասնագիտական կողմնորոշման» դասերի արդյունքում կենտրոնի սաների և համայնքաբնակ դեռահասների համատեղ պատրաստած աշխատանքների ցուցադրությունը: Պահն ակնահաճո էր. ուրախալի էր տեսնել ծրագրին մասնակից բոլոր համայնքների դեռահասների կատարած գործերը մեկ տեղում:
Միջոցառման հանդիսավոր մասում «Ընտանիք» կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանն ամփոփելով ծրագիրը` ներկայացրեց փաստեր կրթական ծրագրի արդյունավետության, համայնքներից ստացված դրական արձագանքների վերաբերյալ: Կենտրոնի տնօրենն անդրադարձավ նաև արտադպրոցական կրթության կարևորությանը, որն համարվում է անհրաժեշտ գործոն դեռահասների բազմակողմանի զարգացման և ներդաշնակ կրթության ապահովման համար:
Ելույթի ավարտին Արթուր Մինասյանը շնորհավորեց ու շնորհակալություն հայտնեց ծրագրին մասնակից դպրոցների տնօրեններին, ներկայացուցիչներին համագործակցության համար և նրանց հանձնեց շնորհակալագրեր: Կրթական ծրագրին ակտիվ մասնակցելու համար պարգևատրվեցին նաև «Ընտանիք» կենտրոնի սաները և համայնքների դեռահասները:
Միջոցառումը եզրափակվեց «Ընտանիք» կենտրոնի սաների, Գյումրու հանրակրթական դպրոցների և համայնքների դեռահասների գեղարվեստական ելույթներով:
Հ. Սարգսյան
18/05/2019